ՀՀ ԱԳՆ-ն արտակարգ ռեժիմով է աշխատում Դամասկոսում մեր դեսպանության և Հալեպում մեր գլխավոր հյուպատոսության հետ, ծայրահեղ վտանգի դեպքում մեր հայրենակիցները հնարավոր է՝ տարհանվեն Սիրիայի հյուսիսից: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը:
Ըստ նրա՝ Կամիշլին, որտեղ ազգությամբ հայեր են ապրում, հիմա համեմատաբար անվտանգ վիճակում է, գտնվում է Սիրիայի կառավարական ուժերի հսկողության ներքո: «Մեր տարածաշրջանում կա նոր ձևավորվող, փխրուն անվտանգության համակարգ, որը ստեղծում է նոր որակական միջավայր: Դրա մաս կազմում է նաև ՀՀ-ն: Մենք շատ լավ հասկանում ենք մեր առջև ծառացած բոլոր տեսակի խնդիրները, համագործակցում ենք մեր դաշնակիցների հետ»,- պնդել է Գոռ Գևորգյանը՝ հիշեցնելով, որ հայ-թուրքական սահմանագծի պահպանության գործառույթը դրված է ռուսական ռազմաբազայի վրա.
«ՌԴ-ի հետ մենք դաշնակիցներ ենք, և դաշնակցային գաղափարից ելնելով՝ նպատակահարմար ենք գտնում, որ մեր երկրում տեղակայված լինի ռուսական ռազմաբազա»:
Ըստ Գևորգյանի՝ Արցախի իշխանությունների հետ ՀՀ կառավարության հարաբերությունները լարված չեն: «Արցախյան հիմնահարցի հանգուցալուծումը սարերի հետևում չէ, քանի գնում, մոտենում ենք դրան, թեև չեմ կարող ժամկետներ ասել»,- նշել է պատգամավորը:
Գևորգյանի կարծիքով՝ ադրբեջանական հանրությունը պետք է նախապատրաստվի խաղաղության. «Մենք փորձում ենք պահպանել և ամրապնդել այն ամենը, ինչ ունենք: Իրենք փորձում են այդ ամենը ետ բերել, որն անտրամաբանական է»:
Պատգամավորի պնդմամբ՝ առաջիկայում դեռ կլինեն ցավալի բացահայտումներ, օրինակ, այն մասին, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ կարող էինք խուսափել զոհերից. «Եթե այս բյուրեղացման գործընթացը հասնի իր վերջնակետին, կպարզվի, որ շատ ոլորտներում բարձրաստիճան անձինք իրենց գործառույթները չեն իրականացրել և խարխլել են պետական կառավարման հիմքերը»:
Գոռ Գևորգյանի կարծիքով՝ Վիտալի Բալասանյանի կենսագրությունն ունեցող մարդն իրավունք չուներ ընկալելիության սահմաններից դուրս ձևակերպումներ տալու: «Եթե մարդը պաշտոն չի զբաղեցնում, այսօր կարող է ցեխ շպրտել գործող իշխանության վրա ու ամենաանհարգալից ձևով արտահայտվել Հայաստանի ղեկավարի մասի՞ն»,- ասել է Գևորգյանը՝ հավելելով. «Իշխանությունն ունի բարձր զսպվածություն, մենք զգույշ, մեղմ, հնարավորինս իրավական գործընթացով ենք փորձում այս ամենը հասցնել վերջնակետին»:
«Կա՞ որևէ մեկը իշխանության մեջ, որը չի մտածում առաջնահերթության կարգով պետության անվտանգության մասին. չկա՛»,- ամփոփել է Գևորգյանը:
Դավիթ Սարգսյան
0Comments