Ժողովրդավարությունից մնացած մեր վերջին բաստիոնը՝ ազատ մամուլը
Դեռեւս երկու շաբաթ առաջ հենց <<Հայելի>> ակումբում հայտարարել էի, որ ի վերջո հերթը հասնելու է մամուլին։ Գուշակություն չէր ասածս, այլ՝ հաջորդական դեպքերի՝ քինախնդրության, հաշվեհարդարների եւ հանձնիշխանական այլ դրսեւորումների հաշվառմամբ եզրահանգում։ Չի կարող լինել, աշխարհում բնավ ու երբեք չի՛ պատահել, որ ժողովրդավարության այլ կառույցներ կորցնելու պայմաններում անձեռնմխելի, հանդուրժելի մնա մամուլը, շարունակի գործել ազատ մամուլը։Շուրջ 10 օր առաջ, առանց պաշտոնական բացատրության, անհետացավ Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդումը <<Կենտրոն>> հեռուստաընկերության եթերից. դա մի խումբ խուլիգանների գործողության հետեւանք չէր, այլ՝ բարձր մակարդակներում եղած քաղաքական ճնշման արդյունք։ Ենթադրում եմ։
Թիրախը Անժելա Թովմասյանի՝ բավական մեծ ժողովրդականություն վայելող հեռուստատեսային ծրագիրն էր։ Անկախ իր բովանդակային ուղղվածությունից, նրա նկատմամբ մարդկանց դրական թե բացասական վերաբերումից, այդ ծրագիրը,համենայնդեպս, հույս էր ներշնչում, որ Հայաստանում ժողովրդավարությունը վերջնական պարտություն չի կրել, ազատ խոսքը շարունակում է հնչել։ Իսկ հոկտեմբերի 5-ին արդեն Անժելա Թովմասյանի սեփական <<Հայելի>> մամուլի ակումբի դեմ կատարված խուլիգանական արարքը ուրիշ բան չէր, եթե ոչ՝ ազատ խոսքը լռեցնելու, չլռողներին էլ լռություն պարտադրելու սպառնալիք։Խուլիգանների քառյակը անշուշտ մեղավոր է եւ պետք է պատասխան տա իր արարքի համար։ Սակայն իր արարքի մեղքը գլխավորաբար ընկնում է նրան ոգեշնչողների վրա, որոնք պատասխանատու են մեր երկրում տիրող անհանդուրժողության, ատելության եւ թշնամանքի մթնոլորտի համար։ Շատ պիտի ուզենայի, որ վերոբերյալ իմ եզրակացությունը ի չիք դառնար ու հերքվեր հենց ՀՀ Ազգային ժողովում, առաջիկա առաջին իսկ նիստում։ Համենայնդեպս մեր խորհրդարանում կան պատգամավորներ, ովքեր գիտեն, սովորել են կամ գոնե լսել են, որ որեւէ երկրի ժողովրդավարականության գլխավոր ցուցիչը առաջին
հերթին ազատ մամուլն է։ՀՀ Ազգային ժողովը կարո՞ղ է երաշխավորել դա։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
<<ԱԶԳ>> թերթի գլխավոր խմբագիր
0Comments