«Փոխգնդապետ Մխիթարյանը դեռևս գտնվում է կոմայի մեջ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, սակայն կայուն վիճակում է: Հուսով ենք, որ մոտ օրերս գիտակցության կգա և կապաքինվի»,- լրագրողներին հայտնել է բժիշկ Կարեն Գրիգորյանը։
Կարեն Գրիգորյանը նշեց, որ փոխգնդապետը շնչում է արհեստական շնչառական սարքերի միջոցով:
Նշենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը լրագրողներին հայտնել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դեռևս չի հարցաքննվել:
«Երբ նախաքննական մարմինը նպատակահարմար գտնի, այդ ժամանակ էլ կհարցաքննվի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում դաժան ծեծի էր ենթարկվել փոխգնապետ Արա Մխիթարյանը: Մի քանի հոգով ծեծել էին թե փոխգնդապետին, թե նրա հետ դեպի վայրում գտնվող զինվորականներին, Արա Մխիթարյանն անգիտակից վիճակում տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Ծեծի մեջ մեղադրվում է Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, նա ձերբակալված է: Վայոց ձորի մարզպետը դեպքերի հետ կապված հրաժարական է տվել, այժմ ստուգվում է, թե արդյոք նա մասնակից է եղել ծեծին, թե՝ ոչ: Տեղեկություններ կան, որ ծեծի ընթացքում նա եղել է մեքենայի մեջ և հետևել միջադեպին:
0Comments