Հայաստանում դրամը գերարժևորված է։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսական վերլուծաբան Հայկ Բալանյանը։ Նրա խոսքով՝ գերարժևորված ազգային արժույթը տնտեսական խնդիրներ է առաջացնում։
«Տնտեսական խնդիր առաջացնում է, քանի որ նաև մեր ԵԱՏՄ գործընկերների ազգային արժույթները, օրինակ՝ ղազախական տենգեն, ռուսական ռուբլին արժեզրկվել են։ Մեր հարևանների՝ Իրանի ռիալը, վրացական լարին, թուրքերի լիրան նույնպես արժեզրկված են։ Այսինքն՝ մեր հիմնական գործընկերների ազգային փոխարժեքն արժեզրկված է, հետևաբար, իրենց արտադրանքն էժանացել է»,- ասաց նա։
Տնտեսագետի կարծիքով՝ հայկական դրամի քարացած մնալն, իսկ հարևան պետությունների ու գործընկեր պետությունների ազգային արժույթի արժեզրկումը մրցակային առավելություն է տալիս հարևաններին հայկական արտադրանքի նկատամամբ։
«Սա նշանակում է, որ մեր և՛ արտահանումն է ավելի անբարենպաստ պայմաններում, և՛ ներքին արտադրությունը, որովհետև ավելի շահեկան է ներմուծել ապրանք, ոչ թե տեղում արտադրել»,- շարունակեց Հայկ Բալանյանը։
Միևնույն ժամանակ Բալանյանը նշեց, որ այս խնդիրը բավականին բարդ ու բազմաշերտ է։
«Պետք հասկանալ, թե ինչ անել, ինչպես անել, քանի որ խնդիրը բավականին ծանր ու բազմաշերտ է, հեշտ լուծվող չէ։ Կարծում եմ՝ կառավարությունը պետք է գլոբալ արմատական բարեփոխումների մեջ հասկանա՝ խնդիր տեսնում է, թե՝ ոչ։ Եթե հասկանա, որ խնդիր կա, ապա պետք է ԿԲ-ի կամ բանակցությունների միջոցով գա խնդրի լուծման»,- եզրափակեց Հայկ Բալանյանը։
0Comments