«Փաստ» թերթը գրում է. «Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հասարակության մի հատված մի քանի օրով կարող է դառնալ սահմանադրագետ, իրավաբան ու փաստաբան: Գրեթե նույն տրամաբանությունն է, երբ սահմանային լարվածության ժամանակ Հայաստանում ռազմական փորձագետների կտրուկ աճ է գրանցվում: Փաստաբան Լուսինե Սահակյանն այս միտումը նախ ազգային առանձնահատկության հետ է կապում:
«Մարդիկ չեն զբաղվում այն գործով, որով պետք է զբաղվեն և չեն խոսում նրանից, ինչից հասկանում են: Եվ այս դեպքում, իհարկե, շատ լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս: Իսկ վերջին ժամանակահատվածում խնդիրն ավելի սուր է, որովհետև, չգիտես ինչու, մարդկանց իրականում թվաց, որ իրենք փոփոխությունների հեղինակ են և կարող են քննարկել ամեն ինչ, այդ թվում՝ այն, ինչից գաղափար չունեն»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Սահակյանը՝ նկատելով, որ իրավիճակից բխող խնդիրներն ավելի սուր ու ակնհայտ են դառնում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ գործի:
«Կարծիքներ՝ մի ծայրահեղությունից՝ մյուս ծայրահեղություն: Դրանք արտահայտում են մարդիկ, որոնք ընդհանրապես նշված թեմայի հետ որևէ առնչություն չունեն:
Նրանք նույնիսկ ընտանեկան մակարդակում չեն կարող այդ հարցը քննարկել, բայց իրավաբանության հետ աղերս չունեցող կարծիքներ արտահայտելով՝ նրանք հասարակական դաշտում կարծիք են ստեղծում: Ունենք իրավիճակ, երբ, այսպես ասած, հասարակական ճնշումը արդեն իսկ ազդեցություն է ունենում գործընթացների վրա, թեպետ այդ հասարակական ճնշումը շատ դեպքերում չի բխում օրենքներից: Որքան ավելի շատ ձգվի այս իրավիճակը, շատ ավելի լուրջ հետևանքների է հանգեցնելու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս իրավիճակին նպաստել է նաև իշխանությունը:
«Երբ պետք է կոնկրետ գործերով որոշումներ հրապարակվեին, իրենք դատարանի առաջ ցույցեր նախաձեռնելու մասին հայտարարեցին, որովհետև, կարծես թե, այնպիսի որոշում էր լինելու, որը չէր բավարարում նրանց: Իրավիճակը հասավ նրան, որ գործադիրը մտավ դատական իշխանության գործերի մեջ: Արդեն սկսեցին ուղիղ ճնշումներ գործադրել: Ճնշումներն իրականացվել են հենց այն փուլերում, երբ իշխանությունների համար ոչ հաճո որոշումներ են կայացվել»,- նշեց նա՝ հավելելով, որ մի շարք դատավորների թիրախավորելուց հետո հիմա էլ թիրախում ՍԴ դատավորներն են:
«Իսկ ի՞նչ է կատարվում դատարաններում: Բացառիկ ցինիկ իրավիճակներ, երբ հասկանում ես, որ մարդիկ ուղղակի ճնշում գործադրելու համար են եկել, որ իրենց համար հաճո որոշումներ լինեն: Սա անթույլատրելի է: Ցանկացած դեպքում գործադիր մարմինն իրավունք չունի միջամտելու դատական իշխանության գործերին: Եվ հիմա, փաստորեն, սկսվել են ուղիղ հարձակումներ թե՛ ֆեյքերի, թե՛ տարբեր անձանց կողմից:
Այդ իրավիճակն արդեն տեղափոխվում է դատարանի դահլիճ ու դատարանից դուրս, ինչը ևս անթույլատրելի է: Սա շատ լուրջ հետևանքներ է ունենալու երկրի համար, պարզապես պետք է կանգ առնել, որովհետև այսպես շարունակել հնարավոր չէ: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր գործով պետք է զբաղվի»,- ընդգծեց Լ. Սահակյանը՝ միաժամանակ սպասելի համարելով նկարագրվածը:
«Ունենք նման իրավիճակ, որովհետև պաշտոնների նշանակվեցին տվյալ ոլորտի հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ: Իսկ մյուսները, որոնք իրենց պատկերացմամբ հեղափոխություն են արել, կարծում են, որ եթե այդ մարդը կարողանում է պաշտոն ունենալ, ինքն էլ կարող է առնվազն իր կարծիքն արտահայտել: Իհարկե, կարծիք հայտնելը լավ բան է, բայց պետք է խոսել այն թեմաներից, որին քիչ թե շատ տիրապետում են:
Բայց հիմա քննարկում են հարցեր, որոնց մասին անգամ իրենց հարգող իրավաբանները կխուսափեն խոսել՝ հաշվի առնելով, որ կան նեղ մասնագիտական ուղղություններ: Բայց անձինք, որոնք անգամ նման կրթություն չունեն, խոսում են նեղ մասնագիտական հարցերի մասին ու, իրենց պատկերացմամբ, լուրջ եզրակացություն տալիս՝ ձևավորելով հասարակական կարծիք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
0Comments