Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողի հարցը զգուշություն է պահանջում. Զոհրաբ Մնացականյան

Կներեք, որ ավելին չեմ կարող ասել

Այս հարցով անմիջապես աշխատում եմ Երեւանի մեր գործըներների հետ՝ ՊՆ, ԱԱԾ, որոնք անմիջական առնչություն ունեն սրան, կա շատ էական դերակատարություն Կարմիր խաչի կողմից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ներկայացնելով, թե ինչ քայլեր են ձեռանրկվում ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին հայրենիք վերդարձնելու ուղղությամբ։

«Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ որոշ զգուշությամբ ենք մոտենում մեր մեկնաբանություններին։ Սա շատ անհանգստացնող հարց է։ Գիտեք, որ մենք ի ցույց դրեցինք մեր մոտեցումը, որ վերաբերում էր նախկին իրավիճակին՝ գերուն, որ հայտնվել էր Հայաստանում, մենք իրականացրինք մեր քայլը եւ նրան վերադարձրինք»,- նշեց նախարարը։

Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց նաեւ, որ հայկական կողմի համար շարունակում է շատ անհանգստացնող հանգամանք լինել Կարեն Ղազարյանի ճակատագիրը, «եւ այս իրավիճակը պահանջում է զգուշություն, որովհետեւ մարդկային կյանքի հետ գործ ունենք։ Սա շատ մտահոգիչ է, շարունակելու ենք մաքսիմալ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի լուծումներ գտնենք։

Կներեք, որ ավելին չեմ կարող ասել»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ԱՀ ՊԲ 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը դեռևս չճշտված հանգամանքներում մարտական դիրքը լքել է օգոստոսի 12-ին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։

Նշենք, որ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, սակայն Ադրբեջանում նա ներկայացվել է որպես դիվերսանտ: 2018 թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ զինված ուժերում։ Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, առողջական խնդիրներ ունի և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում, գրում է news.am