Երբ հանքով փող աշխատելու համար մենք դառնանք հիվանդ, փողը մեզ այլեւս չի օգնելու. Ջերմուկի բնակիչ

Նրա խոսքով, փակելով հանքը, կունենանք առողջ սերունդ եւ մարդիկ էստեղից չեն փախչի

Առողջարանային գոտում ոչ մի հանքարդյունաբերություն չպետք է լինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ջերմուկի բնակիչ Գոհար Հունանյանը, ով ԱՄՆ-ից մշտական բնակության է վերադարձել Ջերմուկ, տուն է գնել:

Նա նշեց, որ վարչապետը Ջերմուկ այցի ժամանակ մտել է իր բնակարան, զրուցել իր հետ. «Ես մաքուր օդի կարիք ունեմ, դրա համար տեղափոխվեցի Ամերիկայից Հայաստան՝ իմ ակունքներին: Առողջարանային գոտում ոչ մի հանքարդյունաբերություն չպետք է լինի: Դա իմ առաջին պնդումներից մեկն էր: Ես պարոն Փաշինյանին ասացի, որ դեռ խորհրդային տարիներին որտեղ կային առողջարանային գոտիներ, այնտեղ հանքարդյունաբերություն  ընդհանրապես գոյություն չպետք է ունենար: Մենք ունենք ջուր, ինչու չծաղկեցնենք մեր ջուրը եւ ջրի միջոցով ստանանք այն նույն գումարը, որքան «Լիդիանի» պնդմամբ Հայաստանը տնտեսապես կբարգավաճի, աշխատատեղեր կունենանք: 6-7 ամիս ապրելով Ջերմուկում ես հասկացա, որ բոլոր մարդիկ, որոնք ապրում են այս պայմաններում, ուզում են առողջ միջավայրում ապրեն: Փաշինյանն էլ նշեց, որ այս խնդիրը ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից եւ իր համար էլ դեռ որոշակի չէ, 50/50 վիճակ է: Հուսով եմ ժողովրդի խոսքը ինքը կլսի: Քանի որ ժողովրդավարությունը, ժողովրդի ասածն օրենք, է ուզում եմ՝ ինքը դա լավ հիշի: Մենք պետք է կարողանանք առանց զոհերի այս հարցը ճիշտ լուծել»,-ասաց Գոհար Հունանյանը:

Նրա խոսքով, փակելով հանքը, կունենանք առողջ սերունդ եւ մարդիկ էստեղից չեն փախչի: «Ես կուզեմ, որ մեր ժողովուրդը մնա իր երկրում, աշխատի: Թողեք, որ մեր մաքուր, անարատ երկիրը մնա այդպիսին: Հուսամ՝ պարոն Փաշինյանն իմ մտահոգությունը կհասկանա: Ես չեմ ուզենա, որ մեր մաքուր բնությունը թունավոր դառնա բոլորիս համար: Փողը երբեք մեզ երջանկություն չի բերելու: Փողը միայն միջոց է, բայց եթե այդ միջոցը ստանալով մենք դառնանք հիվանդ, փողը մեզ այլեւս չի օգնելու»,-ընդգծեց ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած կինը: Նա նկատեց, որ եթե մեկ անգամ էլ ժողովուրդը հիասթափվեց, հետո կանգնելը շատ դժվար է լինելու. «Այդ ժամանակ ամբողջ Հայաստանն է կանգնած լինելու երկրից հեռանալու հարցի առաջ»: