ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են Գրենլանդիա կղզու դիմաց Դանիայի կառավարությանը տարեկան 600 մլն դոլար առաջարկելու հնարավորությունը: Այս մասին գրում է Washington Post պարբերականը՝ իրազեկ աղբյուրին հղումով:
Պարբերականի զրուցակիցը, որը տեղյակ է կղզու գնման բանակցությունների ընթացքին, չի հստակեցրել, թե որքան ժամանակի ընթացքում պետք է իրականացվեր վճարումը: 2017թ.-ին Դանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Էնսենը կղզու ծախսը տարեկան 4,3 մլրդ կրոն էր գնահատել, ինչը գրեթե համապատասխանում է պարբերականի նշած թվին:
Դանիային գործարքը ստորագրել տալու համար ամերիկյան պաշտոնյաները դիտարկել են սկանդինավյան թագավորության գանձարանին միանվագ խոշոր չափի գումար վճարելու տարբերակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, The Wall Street Journal-ը նյութ էր հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի գնման հնարավորության մասին:
Ինչպես պարբերականին պատմել են Թրամփի երկու օգնականները, նա բազմիցս հարցրել է նրանց և մյուսներին՝ հնարավոր է արդյոք գնել այն: Նշվում է, որ նա նույնիսկ խնդրել է Սպիտակ տան իրավախորհրդատուին գնման վերաբերյալ իրավական ուսումնասիրություն կատարել:
Թրամփն անցած կիրակի լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը: Գրենլանդիայի` ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը մեկնաբանել էր նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:
«Գրենլանդիան Դանիայինը չէ։ Գրենլանդիան Գրենլանդիայինն է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս ամենն անմիտ կատակ է»,- հայտնել էր նա:
Նշենք, որ Գրենլանդիան երկրագնդի ամենախոշոր կղզին է, զբաղեցնում է ավելի քան 2 միլիոն ք/կմ տարածք։ Կղզու արտաքին քաղաքականությամբ և անվտանգության ապահովմամբ զբաղվում է Կոպենհագենը։
0Comments