Հուլիսի 25-ին ՀՀ վիճակագրական պետական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ տվյալները 2019 թվականի հունվար-հունիս ամիսների համար: Շատ կարեւոր է վերլուծել եւ գնահատել այն հիմնական գործոնները, որոնք էական ազդեցություն են ունեցել ցուցանիշների դինամիկայի վրա: Եվ այսպես՝ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 6.5 տոկոսով, իսկ 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ 7.3 տոկոսով: Այսինքն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսով: Կիսամյակային տնտեսական ակտիվության նվազման վրա էական ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտի եւ էլեկտրաէներգիայի արտադրության անկումը, ինչպես նաեւ շինարարության, առեւտրի եւ ծառայության ոլորտների աճի դանդաղումը:
Առավել մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի անկումը (7.4 տոկոս), քանի որ այս ոլորտում է զբաղված մեր աշխատուժի 1/3-ը, հետեւաբար` սա ուղղակի ազդեցություն կունենա գյուղերի կենսամակարդակի վրա, արտագաղթի ալիքն ավելի կուժեղանա. արդեն իսկ այս տարվա ընթացքում Ռուսաստան արտագաղթողների թիվը կազմել է 45000: Գյուղոլորտի անկման պատճառների հիմքում ընկած է սխալ գյուղատնտեսական քաղաքականությունը, որը հիմնականում ուղղված է հարուստ եւ խոշոր ֆերմերների աջակցությանը: Բացի այդ` դադարեցվել են մի շարք ծրագրեր, վերացվեց գյուղատնտեսության նախարարությունը:
0Comments