Հանրային վայրերում ծխելու արգելքն իսկապես դրականորեն է անդրադառնում բնակչության առողջական վիճակի վրա եւ նվազեցնում է կաթվածի տարածվածությունը։ Այս մասին ասվում է Գլազգոյի համալսարանի Առողջության եւ բարեկեցության ինստիտուտի նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Circulation: Cardiovascular Quality and Outcomes-ում։
Հետազոտության համաձայն՝ միոկարդի կաթվածների առաջացման հաճախականությունը Շոտլանդիայում տարեց մարդկանց շրջանում մեկ տասնամյակում նվազել է այն բանից հետո, երբ 2006-ին ուժի մեջ է մտել հանրային վայրերում ծխելու համազգային արգելքը։ Արգելքը մտցնելուց հետո առաջին տարվա ընթացքում միոկարդի կաթվածի դեպքերի թիվը կրճատվեց 17 տոկոսով, այն դեպքում, երբ Անգլիայում, որտեղ ծխելու արգելք չէր մտցվել, նույն ժամանակամիջոցում կրճատումը կազմել է ընդամենը 4 տոկոս։
60 տարեկան եւ ավելի բաձր տարիքի մարդկանց մոտ ծխելու արգելքը հանգեցրել է միոկարդի կաթվածի դեպքերի 13 տոկոս կրճատման (14 տոկոս՝ կանանց, 13,2 տոկոս՝ տղամարդկանց պարագայում) հետազոտության անցկացման ընթացքում։
Հեղինակների խոսքով՝ հետազոտությունը, «հավանաբար, կնպաստի ինչպես ծխելը թողնելուն, այնպես էլ չծխողների ու ծխողների պաշտպանությանը ուրիշ մարդկանց պասիվ ծխելուց», գրում է NEWS.am Medicine:
0Comments