Զորավարժություններ մեր սահմանների մոտ. Պուտինի պատասխանը

Վրաստանը արդեն իններորդ անգամ է հյուրընկալում ՆԱՏՕ-ի զորավարժությունը

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի երկու բանակները լայնածավալ զորավարժություն են սկսել Վրաստանում պլանավորված ՆԱՏՕ-ի զորավարժություններին ընդառաջ: Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանատարությամբ մեկնարկած զորավարժություններում ընդգրկված են 49-րդ և 58-րդ բանակները: Զորավարժություններին մասնակցում են Հարավային օկրուգի գրեթե բոլոր զորամասերը՝ ներառյալ Սև և Կասպից ծովերի ռուսական ռազմածովային ուժերը:
Հուլիսի 27-ին Վրաստանում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի Agile Spirit-2019 զորավարժությունը, որին մասնակցելու են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 14 երկիր ու 3 հազար զինծառայող: ՆԱՏՕ-ի զորավարժությունը Վրաստանում շարունակվելու է մինչև օգոստոսի 9-ը:

Նկատենք, որ Վրաստանը արդեն իններորդ անգամ է հյուրընկալում ՆԱՏՕ-ի զորավարժությունը:

Սրանք այն զորավարժություններն են, որոնք Մոսկվան, մեղմ ասած՝ դրական լույսի ներքո չի դիտարկում: Ավելին, մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով Մոսկվան հայտարարել է, որ սպառնալիք է համարում ՆԱՏՕ-ի քայլերը Վրաստանում:
Մինչդեռ հատկանշական է, որ վերջերս «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում ակնկալում են գործընկերների աջակցությունը: «Նրանք կարող են լինել, եթե ոչ միջնորդներ, ապա առնվազն Վրաստանի փաստաբաններ՝ Ռուսաստանին հասկացնելու, որ հարևանների հետ հարաբերությունները պետք է կառուցել փոխադարձ հարգանքի ու միջազգային իրավունքը հարգելու սկզբունքների վրա»,- ասել է Զուրաբիշվիլին գերմանական լրատվամիջոցին:

Նկատենք, որ 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմի հետևանքով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են ու մինչև հիմա չեն վերականգնվել:

2008-ից մինչ այժմ այդ սրված հարաբերություններն էլ ավելի սրվեցին Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո:
Այժմ ռուս-վրացական փոխադարձ՝ «հրաձգային» զորավարժություններով Ռուսաստանն ու Վրաստանը ցույց են տալիս իրենց ուժը միմյանց:

Մետաքսյա Շալունց

hayeli.am