Քաղաքացին ահազանգել է Tert.am-ի խմբագրություն և հայտնել, որ այսօր առավոտյան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից պատրաստվել են UJ 2371 չվերթով մեկնել Շարմ Էլ Շեյխ՝ հանգստի նպատակով, սակայն տեղեկացվել է, որ չարտերային չվերթը չի կայանա:
«Պատրաստվում ես թռիչքի, գումար ես ծախսում, մեկ էլ պարզվում է, որ չես էլ մեկնելու և որևէ բացատրություն չկա, թե ինչու: Հասկանում ենք, որ չարտերային չվերթ է, բայց պետք է պարզաբանել քաղաքացիներին, հայտնել չվերթի չիրականացման պատճառը, փոխհատուցման հարցն էլ հստակ չէ: «A&R» կազմակերպությունը, որը պարզվեց, աշխատում է թուրքական տուրիստական ընկերության հետ, մեզ փաստի առաջ է կանգնեցրել»:
Քաղաքացին հայտնեց, որ Երևանում գործող «A&R» տուրիստական կազմակերպությունը հանդիսանալով, նրա խոսքով՝ թուրքական «Թեզ-տուր» կազմակերպության ներկայացուցիչը, Շարմ Էլ Շեյխ չվերթի համար ԱլՄասրիա ավիաընկերության տոմսերն է վաճառել:
Tert.am-ը քաղաքացիներին ավիատոմսեր վաճառած տուրիստական «Էյ էնդ Ար»(,,A&R,,) ընկերությունից պարզաբանում խնդրեց, թե քանի՞ քաղաքացի էր պատրաստվում մեկնել Շարմ էլ Շեյխ, ինչո ՞ւ չի իրականացվել չվերթը, և արդյոք փոխհատուցում տրվելո ՞ւ է քաղաքացիներին:
Տուրիստական գործակալության ներկայացուցիչն ասաց, որ չվերթը չի իրականացվել և այլ հարցերի հրաժարվեց պատասխանել.«Ես իրավասու չեմ մեկնաբանություն տալու, լրագրողներին հետ խոսում են մեր ղեկավարները, միայն կարող եմ ասել, որ ուղևորներին մոլորության մատնելու միտում չենք ունեցել»:
Հարցին, թե ինչպես կարող են «ղեկավարներից» մեկնաբանություն ստանալ, տուրիստական գործկալության աշխատակիցն ասաց.«Ղեկավարները ավելի լուրջ հարցով են զբաղված, քան հարցերին պատասխանելը»:
Դիտարկմանը, թե ասում են, որ մոտ հարյուր ուղևոր դուրսն է մնացել, դա կարևոր չէ ՞, տուրիստական ընկերության ներկայացուցիչն ասաց.«Դա մեր կազմակերպության հարցն է»:
Tert.am-ը քաղաքացու ահազանգի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ նաև Քաղավիացիայի կոմիտեից, որտեղից չվերթը չիրականանալու մասին լուրը հաստատեցին.«Այո, առավոտյան նախատեսված չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ չի իրականացվել: Չարտերային չվերթ է եղել, Քաղաքավիացիայի կոմիտեն տվել է համաձայնությունը չվերթի իրականացման համար, ավիաընկերությունը օրենքով սահմանված կարգով բոլոր փաստաթղթերը նախապես ներկայացրել է»:
Tert.am-ը կապ հաստատեց նաև Եգիպտոսում ՝ «A&R» ընկերության հետ համագործակցող ԱլՄասրիա ավիաընկերության հետ, որտեղից սակայն չվերթի չիրականացման մասին հարցերին չպատասխանեցին:
Tert.am-ի տեղեկություններով՝ սակայն, չի իրականացվել նաև UJ 2370` Շարմ էլ Շեյխից-Երևան չվերթը, և մոտ չորս տասնյակ ուղևոր մնացել են Շարմ էլ Շեյխում:
Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ կապ հաստատել չհաջողվեց, ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ուղևորների տեղափոխման հարցն իրենց տիրույթում չէ և ուղևորների պատասխանատուն ավիափոխադրողն է, որը, ինչպես նշեցինք, չիրականացրած չվերթների մասին մեկնաբանություն չի տալիս:
0Comments