Ամռանը ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ ակտիվանում են օձերը: Հաշվի առնելով, որ այս սեզոնին մարդիկ հաճախ են գնում բնության գիրկ, օձերին հանդիպելու հավանականությունը մեծանում է:
Օձերի խայթոցից խուսափելու նպատակով զբոսնելիս պետք է խուսափել բարձր խոտերից, հագնել երկար, ազատ տաբատ, երկարաթեւ շապիկ եւ տաբատի փողքերը դնել գուլպայի կամ կոշիկների մեջ, հագնել երկարաճիտ եւ ամուր կոշիկներ, օձ պատահելիս չտրորել, չանհանգստացնել: Այնտեղ, որտեղ կա օձերի առկայության հավանականություն՝ վերցնել ծանր փայտ եւ հարվածել հողին:
Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է՝
- սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը եւ զարդերը, ինչպես նաեւ նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ եւ տարածվել,
- եթե օձը խայթել է վերջույթը, ապա անշարժացնել այն,
- տուժածին խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ եւ այլն),
- ահազանգել կամ կազմակերպել տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվանդանոց, որտեղ նրան արդեն մասնագիտական օգնություն կցուցաբերեն եւ հակաթույն կներարկեն։ Ցանկալի է, որպեսզի հակաթույնի առաջին դեղաչափը հիվանդը ստանա խայթելուց հետո գոնե 6 ժամվա ընթացքում։
Օձի խայթոցի դեպքում արգելվում է.
- խայթած վերջույթին՝ վերքից վերեւ, լարան կամ ժգուտ դնել,
- խայթոցի տեղում կտրվածք անել, սառույց դնել կամ այրել,
- տուժածին ալկոհոլ առաջարկել, տալ ուժեղ ազդող դեղեր, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը:
Օձի խայթոցից հետո աստիճանաբար ի հայտ են գալիս հետեւյալ նշանները՝ խայթոցի տեղում ցավ եւ այրոց, կարմրություն, մաշկի գույնի փոփոխություն, այտուց, որը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով: Տուժածը զգում է սաստիկ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, արյունահոսություն բերանից, քթից եւ հետանցքից, տեսողության եւ խոսքի խանգարումներ, վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ, շնչառության խանգարումներ։
Օձերի խայթոցի դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է տարբեր գործոններից՝ օձի տեսակից, չափից, անձի տարիքից, օձի թույնի քանակից, տարվա եղանակից, ինչպես նաեւ խայթոցի տեղակայումից։
Ի դեպ, Հայաստանում հանդիպող թունավոր օձերից են տափաստանային իժը, դարեւսկու իժը, փոքրասիական իժը եւ անդրկովկասյան գյուրզան։
doctors.am
0Comments