Տրոպիկական գյուղատնտեսության չինական ակադեմիայի գլխավորությամբ ինը մասնագետներից կազմված խումբը Հայնանում ստեղծել է սուրճի արտադրությամբ զբաղվող առաջադեմ համակարգ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Հայնանվան» տեղեկատվական պորտալին:
Վերջինիս տվյալներով՝ գիտնականներն անցկացրել են հետազոտություններ եւ զբաղվել սուրճի արտադրությունը օպտիմալացնելու մեթոդիկաների մշակմամբ 24 տարվա ընթացքում: Արդյունքում օրերս Հայնան նահանգի Գիտությունների ակադեմիան հայտարարել է, որ այդ նախագիծն արժանացել է տարվա մրցանակին:
Հաղթած նախագիծն անվանվում է «Սուրճի ստանդարտացված համակարգի եւ արտադրության ստեղծում ու շահագործում»: Այն գործնականում արդեն կիրառվում է ոչ միայն Հայնանում, այլ նաեւ Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Յունան նահանգի մի քանի գործարաններում: Փորձարարական նորամուծությունը հիմնադրելուց ընդամենը մի քանի տարի անց դրա միջոցով արտադրված ապրանքների արժեքը կազմել է մի քանի հարյուր միլիոն դոլար:
Դեռեւս 20 տարի առաջ կղզում սուրճի արտադրությունը համարվում էր բավականին հետամնաց, ապրանքը ոչ միշտ էր ստացվում ցանկալի որակի, քանի որ բացակայում էին հստակ մշակված արտադրական նորմատիվները, որի հետեւանքով հայնանյան սուրճը պակաս մրցունակ էր արտաքին շուկաներում, իսկ ոլորտն այդտեղ զարգանում էր շատ դանդաղ տեմպերով: Սակայն գիտնականների ջանքերի շնորհիվ հնարավոր էր դարձել մշակել հստակ արտադրական չափորոշիչներ, ստեղծել կատարելագործված մասնագիտական տերմինաբանություն եւ դասակարգման ուղեցույց: Հաշվի էին առնվել նաեւ սուրճի սիրահարների նախասիրությունները, ինչը թույլ էր տվել արտադրողներին տարեկան մեծացնել վաճառքները մի քանի հարյուր հազար դոլարով:
0Comments