Ռուսական նավը հետեւում է ամերիկյան ականակրին Սեւ ծովում

Ականակրի գործողությունները վերահսկելու են «Սմետլիվի» պահակային նավը, ինչպես նաեւ էլեկտրոնային եւ տեխնիկական միջոցները

Սեւծովյան նավատորմի ուժերը սկսել են հետեւել ամերիկյան «Քարնի» ականակրին վերջինիս՝ Սեւ ծով մուտք գործելուց անմիջապես հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին:

Նշվում է, որ ականակրի գործողությունները վերահսկելու են «Սմետլիվի» պահակային նավը, ինչպես նաեւ էլեկտրոնային եւ տեխնիկական միջոցները:

Կենտրոնի տվյալներով՝ «Քարնի» ականակիրը մուտք է գործել Սեւ ծովի ջրեր հունիսի 29-ին՝ Մոսկվայի ժամանակով 19.20-ին, գրում է news.am:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Սեւ ծովում ամերիկյան ականակրի գտնվելու ժամանակը չպետք է գերազանցի 21 օրը:

Համաձայն Միացյալ Նահանգների Վեցերորդ նավատորմի կայքում հրապարակված տեղեկատվության՝ «Քարնին» պետք է մասնակցի Sea Breeze 2019 ռազմածովային վարժանքներին, որոնք կմեկնարկեն հուլիսի 1-ին:

2019 թվականին Սեւ ծովի ջրերում դա ամերիկյան ռազմական նավի արդեն հինգերորդ «այցն» է: Վերջինը տեղի էր ունեցել ապրիլին, երբ Բուլղարիայի եւ Վրաստանի Ռազմածովային ուժերի հետ պետք է մասնակցեր Սեւ ծովի ավազանում տեղի ունեցող ուսումնավարժանքներին: