Կուզեք` Մխիթար Հայրապետյանին գեներալի կոչում շնորհեք, բայց գործեք պարոնայք, պատերազմը խաղուպար չէ

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

«Նավաբեկությունից հետո հիշում են միայն նավապետի անունը

Եթե սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, ապա անտաղանդների վերջին հանգրվանը ներքին թշնամիների ու ներքին դավադրության փնտրտուքն է: Այս կործանարար գործընթացի առանձնահատկությունն այն է, որ երբ սեփական կառավարչական անկարողությունն ու մտքի բացակայությունը փորձ է արվում քողարկել ներքին թշնամիների փնտրտուքով, ապա մեղավորներ միշտ գտնվում են: Եվ միայն հիվանդ ուղեղներում կարող է ծնվել միտքը, թե պերմանենտ ինչ-որ մեկին մեղավոր կարգելով, թշնամի հռչակելով, դավադիր նշանակելով կարելի է «մարդուն զատել անասունից» և եկիրը զերծ պահել տարածաշրջանում ահագնացող պատերազմական վտանգներից:

Եթե իշխանության կրողները մոտալուտ պատերազմի վտանգ են տեսնում, եթե հետախուզական տվյալների և բաց աղբյուրներից ստացված տեղակատվության վերլուծության համադրությունը ցույց է տալիս, որ երկիրը կանգնած է արտաքին ներխուժման վտանգի առջև, ապա իշխանության կրողն ու երկրի անվտանգության պատասխանատուն պարտավոր է ահազանգի կոչ հնչեցնել, այլ ոչ թե ներքաղաքական գործընթացում դիրքային առավելություն ստանալու կամ ամբոխին զբաղեցնելու համար աջին ու ձախին թշնամի և դավադիր նշանակել:

1918-ին Արամ Մանուկյանը գնաց այդ ճանապարհով և էվակուացման շեմին կանգնած Երևանը փրկվեց:

1992-ի ամռանը Վազգեն Սարգսյանը գնաց այդ ճանապարհով ու Սրխավենդի խաչմերուկից թշնամին հետ շպրտվեց` կանխելով Ստեփանակերտի վերահաս անկումը:

Եթե երկիրը կանգնած է պատերազմի շեմին, ապա մարդկանց պետք է դիմել հայրենակիցներով, քույրեր և եղբայրներով, այլ ոչ թե հներով ու նորերով, ներքին թշնամիներով ու դավադիրներով, հեղափոխականներով ու հակահեղափոխականներով:

1941-ին նույնիսկ Ստալինն իջավ իր գոռոզության պատվանդանից ու մարդկանց դիմեց եղբայրներ և քույրերով:

Որովհետև պատերազմի դեպքում մենք բոլորս ենք մի նավի մեջ ու անկախ մեր շահերից, նախասիրություններից և ճաշակից` այդ նավն ունի ընդամենը մեկ նավապետ:

Եվ նա պարտավոր է խաղեր չտալ պատերազմ երևույթի հետ:

Եթե կա պատերազմի վտանգ, ապա իշխանության կրողն ունի դրան պատրաստվելու ամբողջական գործիքակազմ:

Պետական ապարատը պատրա՞ստ չէ, լավը՞ չէ, շատ լավ, փոխեք պետական ապարատը, բերեք նրանց, ովքեր կարող են պատերազմի ժամանակ թիկունքը կազմակերպել, լոգիստիկան ապահովել:

Դա ձեր անմիջական պարտականությունն է, դա ձեր գործի անունն է:

Զինվորական հրամկազմում խնդիրնե՞ր կան, շատ լավ, փոխեք այդ մարդկանց, եթե կուզեք` Մխիթար Հայրապետյանին գեներալի կոչում շնորհեք և կորպուսի հրամանատար նշանակեք: Բայց գործեք պարոնայք, պատերազմը խաղուպար չէ, ոչ էլ հնարավոր է տանուլ տված պատերազմի մեղքը բարդել ուրիշի վրա:

Անկեղծ ասած, իմաստ էլ չկա:

Հավատացեք, նավաբեկությունից հետո հիշում են միայն նավապետի անունը...»։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյան