Բուհերում դեռևս շարունակում են ռեկտոր ընտրվել իշխանության թեկնածուները

Սերոբ Խաչատրյանը նշում է, որ կենտրոնացված քննությունն աշակերտների գիտելիքի ընդհանուր պատկերը ցույց չի տալու. «Կենտրոնացված քննություն անցկացնելը բերեց միայն նրան, որ որոշ աշակերտներ սկսեցին դրա համար մասնավոր պարապել»

 

«Բուհերում դեռևս շարունակում են ռեկտոր ընտրվել իշխանության թեկնածուները». Կրթության փորձագետ

Բուհերում դեռևս շարունակում են ռեկտոր ընտրվել իշխանության թեկնածուները՝ Ագրարայինում, Թատերականում և Կոնսերվատորիայում վերջերս ռեկտոր դարձան հենց իշխանության թեկնածուները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` ամփոփելով իշխանափոխությունից հետո 1 տարվա ընթացքում կրթության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները։

Ըստ նրա՝ իշխանափոխությունից հետո կրթության ոլորտում ամենաբուռն պրոցեսներից մեկը տնօրենների և ռեկտորների ընտրություններն էին։

«Այս մեկ տարվա ընթացքում ամենաբուռն պրոցեսներից մեկը տնօրենների և ռեկտորների ընտրություններն էին։ Բուհերում, ճիշտ է, կուսակցական չեն ռեկտորները, սակայն իշխանության առաջարկած թեկնածուներն էին։ Օրինակ` Շիրակի համալսարանում երևում է, որ չկա թեկնածու, որին պաշտպանում է իշխանությունը, ու գուցե դա է պատճառը, որ այդպես էլ ռեկտոր չի ընտրվում»,- ասաց նա։

Դպրոցների տնօրենների ընտրության մասին փորձագետը նշեց, որ այստեղ պատկերն ավելի խայտաբղետ էր, քանի որ եղան ծնողներ, որոնք պաշտպանեցին նախկին տնօրենին, եղան դեպքեր, որ տնօրենի դեմ բողոքի ակցիաներ արեցին։

Հաջորդ քննարկվող թեման, որին լրագրողների խնդրանքով անդրադարձավ կրթության փորձագետը, 9-րդ դասարանցիների համար «Հայոց լեզու» առարկայի կենտրոնացված քննության անցկացումն էր։

Սերոբ Խաչատրյանը նշում է, որ կենտրոնացված քննությունն աշակերտների գիտելիքի ընդհանուր պատկերը ցույց չի տալու. «Կենտրոնացված քննություն անցկացնելը բերեց միայն նրան, որ որոշ աշակերտներ սկսեցին դրա համար մասնավոր պարապել։ Չեմ կարծում` կենտրոնացված քննություն անցկացնելով՝ մենք աշակերտների գիտելիքի իրական պատկերը կունենանք։ Համոզված եմ, որ մեծ թվով աշակերտներ ուղղակի անբավարար կստանան, քանի որ այնպես չէ, որ բոլորը պարապել են»։

Հիշեցնենք, որ այս տարի Կրթության և գիտության նախարարն առաջարկել էր 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացնել կենտրոնացված քննություն։ Նախարարությունը, սակայն,  12-րդ դասարանի կենտրոնացված քննությունից մի քանի օր առաջ հրաժարվել էր առաջարկից և  մնացել էր միայն 9-րդ դասարանը և «Հայոց լեզու» առարկան։