Հայկական հիմնախնդիրները պետք է բխեն նախ և առաջ մեր երկրի աշխարհագրական դիրքից. Հրանտ Տեր-Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր հանրությունն իր ամբողջ ուժով քննարկում է մեկ հարց, դա լավ է, բայց անընդհատ փոփոխվող հոսքի մեջ հասկանալի չէ, թե արդյո՞ք մենք տարբերում ենք հիմնական խնդիրները առօրյա խնդիրներից

Պատմական գիտությունների թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը և հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն այս անգամ զրուցել են հայաստանյան օրակարգային թեմաների շուրջ:

Ըստ Ֆարմանյանի՝ այսօր հանրային դիսկուրսը թելադրող հարթակը լրատվամիջոցները և սոցիալական ցանցերն են: Որևէ մեկը չի վիճի, որ մեր հանրային օրակարգում, հասարակական-քաղաքական դիսկուրսում ամեն օր քննարկվում է մեկ եզակի խնդիր, մեկ հարց. ֆեյսբուքով և լրատվամիջոցներով քննարկվում է մի հարց, վաղը՝ մյուս հարցը, ընդ որում՝ հետաքրքիր զուգադիպությամբ ամեն օրն ունի իր հերոսն ու հակահերոսը, և շատ դեպքերում այսօրվա քննարկումը որևէ առնչություն չունի վաղվա քննարկման հետ և այդպես շարունակ:

Այստեղից հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ձևակերպվում մեր հասարակական-քաղաքական օրակարգը՝ զուտ մեթոդոլոգիական առումով, ովքե՞ր են ձևակերպում այն և, որ ամենակարևորն է, ի՞նչ առնչություն ունեն այս օրակարգերը այն իրական խնդիրների հետ, որ այս փուլում ունի ՀՀ-ն, որքանո՞վ է այս տեսակ օրակարգը միտված ապագային:

Ինչպես է տրանսֆորմացվում մեր ինքնությունը՝ իբրև ժողովուրդ. օրինակ, վերջերս շատ են խոսում ճապոնական հրաշքի մասին, սինգապուրյան հրաշքի մասին կամ ասիական տարբեր երկրների մասին, բայց ամենազարմանահրաշ հանգամանքը, որին ես հանդիպել եմ գրականության մեջ, եղել է այն, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում Ճապոնիայի կառավարության որոշմամբ, հաշվի առնելով, թե ինչպիսի աննախադեպ իրականության հետ է դեմ հանդիման կանգնած, ստեղծվում է գիտահետազոտական հիմնարկ, որի էությունը կայանում է հետևյալում՝ գիտականորեն հաշվել, չափել ընդունվող որոշումների ազդեծությունը քո՝ իբրև ժողովուրդ, մտածողության տրանսֆորմացիայի վրա, իմ կարծիքով՝ սա քաղաքականության գագաթնակետն է:

Հրանտ Տեր-Աբրահամյանը կարծում է, որ պատմությունը, ընդհանրապես, ոչ մի ժողովրդի հանդեպ խնայող չի եղել: Ճիշտ հակառակը՝ ամեն կոնկրետ ժողովրդի պատմությունը բարդությունների պատմություն է, բարդություններ, դժվարություններ, պատերազմներ, աղետներ և այլն: Եվ մենք այդ իմաստով եզակի չենք, պատմությունը անընդհատ խնդիրներ դնող է և ժամանակները, մեծ հաշվով, երբեք էլ հեշտ չեն լինում, լինում են բարդ և ավելի բարդ: Պատմությունն ամեն փուլում և ամեն ժողովրդի առաջ խնդիրներ է դնում, որոնք պետք է լուծվեն: Սա է պատմությունը:

Այն շարունակ մրցակցություն է, որի մեջ յուրաքանչյուր պատմական սուբյեկտ պետք է ապացուցի իր կենսունակությունը, որովհետև, եթե նայենք համամարդկային տեսանկյունից, ապա այդ գործընթացի օգուտն այն է, որ ձևավորվի ավելի կենսունակ, ավելի ուժեղ մարդկություն: Էդպես է տեղի ունենում էվոլյուցիան, և դրա շնորհիվ մարդկությունը զարգացում է ապրում:

Գալով թեմային, թե որտեղի՞ց են առաջանում մեր օրակարգերը. օրակարգերն առաջանում են պատահական սկզբունքով: Մեր հանրությունն իր ամբողջ ուժով քննարկում է մեկ հարց, դա լավ է, բայց անընդհատ փոփոխվող հոսքի մեջ հասկանալի չէ, թե արդյո՞ք մենք տարբերում ենք հիմնական խնդիրները առօրյա խնդիրներից, և ինչպե՞ս ենք մենք ձևավորում այդ հիմնախնդիրները:

Հայկական հիմնախնդիրները պետք է բխեն նախ և առաջ մեր երկրի աշխարհագրական դիրքից, քարտեզից, ես չեմ նկատում, որ մեր հիմնախնդիրները բխում են այս տեսանկյունից: Օրինակ՝ կապված դեմոգրաֆիայի հետ. դեմոգրաֆիան ինքն իրենով խնդիր չէ, այն կապված է անվտանգության հետ, արդյո՞ք մենք մտածում ենք, թե մոտակա քսան տարում մեր դեմոգրաֆիական պոտենցիալը թույլ կտա՞ մեզ համալրել բանակն այսօրվա նույն տեմպերով, թե ոչ:

Հաղորդման շրջանակներում զրուցակիցները խոսել են այս և այլ հարցերի շուրջ:

Մանրամասները՝ տեսանյությում: