Հայկ Սարգսյանը պատրաստվում է դատի տալ «Հրապարակ» օրաթերթին

Պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ «Հրապարակ» թերթը հերթական սուտ տեղեկությունն է տարածում

 

Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ «Հրապարակ» թերթը հերթական սուտ տեղեկությունն է տարածում։ «Պատրաստվում եմ դիմել դատարան և հերքում պահանջել իրենց գրած բոլոր սուտ տեղեկությունների համար»,- գրել էր պատգամավորը։

Հիշեցնենք, որ Hraparak.am-ը տեղեկություն էր տարածել, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը «հինգշաբթի օրը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում»: Աղբյուրը գրել էր, որ ըստ ականատեսների, երբ օդանավը վայրէջք է կատարել Մոսկվայում, Հայկ Սարգսյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել օդանավի ուղևորների նկատմամբ՝ փորձելով նրանց հրմշտելով շրջանցել հերթն ու առաջինն իջնել օդանավից: Արդյունքում վիճաբանություն է առաջացել պատգամավորի և օդանավի որոշ ուղևորների միջև, որոնց թվում են եղել նաև Վահե Հակոբյանն ու նրան ուղեկցող տղամարդը: Վեճը ծագել է այն բանից հետո, երբ վերջիններս դիտողություն են արել պատգամավորին, թե ինչու է նա փորձում հերթը խախտելով ու մյուսներին շրջանցելով՝ առաջինը դուրս գալ օդանավից:


Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից մոտ մեկուկես ժամ անց թերթը զրուցել է Վահե Հակոբյանի հետ, ով նշել է, որ միջադեպ եղել է, սակայն Հայկ Սարգսյանը չի մասնակցել այդ միջադեպին:

Նույն նյութի մեջ նշվում է, որ ավելի ուշ իրենք պարզել են, որ միջադեպի իրական մասնակիցը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Արման Մադաթյանն (Մանչ) է եղել: Մադաթյանը ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) որդին է և Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) փեսան: Թերթը նշել է, որ Արման Մադաթյանն է վիճաբանության բռնվել ուղեւորների հետ, որին մասնակից է եղել նաև Հայկ Սարգսյանը: