Փաշինայնի և Տեր-Պետրոսյանի խոսնակները ծածո՞ւկ են հանդիպում,թե՞ իրենց ղեկավարների իմացությամբ

Կարելի է՝ ենթադրություններ անել, թե ինչի մասին էին խոսում Վլադիմիր Կարապետյանն ու Արման Մուսինյանը

Հրապարակը գրում է.ՀՀ առաջին նախագահի եւ ՀՀ գործող վարչապետի խոսնակներն ինտենսիվ շփվում են։ Երեկ մեր թղթակիցը նրանց տեսել է Բուզանդի փողոցի վրա գտնվող, կառավարության շենքից ոչ այնքան հեռու գտնվող Թուֆենկյան հյուրանոցի սրճարանում։ Նրանք մեկ ժամից ավելի զրուցում էին։ Կարելի է՝ ենթադրություններ անել, թե ինչի մասին էին խոսում Վլադիմիր Կարապետյանն ու Արման Մուսինյանը։


Ասենք, Արման Մուսինյանն ինստրուկտաժ էր անում ՀՀ վարչապետի խոսնակին, կամ՝ փոխանցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրահանգ-հորդորները։ Կամ՝ Վլադիմիր Կարապետյանը զեկուցում էր, թե ինչ են անում եւ ինչպես, Տեր-Պետրոսյանին էր փոխանցում Նիկոլի «մեսիջները»։

Այս հանդիպման ականատեսները կարող են այլեւս իշխանությունների գործողությունների մեջ չփնտրել ՀԱԿ-ի ու ՔՊ-ի միջեւ կապերի այլ՝ կողմնակի ապացույցներ։ Նման հանդիպումները, եթե անգամ համաձայնեցված չեն իրենց անմիջական ղեկավարների կողմից, խոսում են Լեւոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյանի համագործակցության մասին։

ՀԳ Հոդվածի հրապարակումից հետո զանգահարեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը եւ իր վերաբերմունքն արտահայտեց լուրի վերնագրում տեղ գտած «ծածուկ » բառի ու առհասարակ շարադրանքի հետ կապված։ Նրա կարծիքով, հանդիպումը ծածուկ չէր՝ այլ քաղաքի կենտրոնի սրճարանում, ինքն՝ իր ընկերների հետ պարբերաբար է նման հանդիպումներ ունենում՝ դրանք չթաքցնելով հանրությունից։ Մենք խոստացանք իր դիտարկումներն ավելացնել հրապարակման մեջ։ Պարզապես նկատենք, որ ծածուկ բառը վերաբերում էր ոչ թե հանրությունից, այլ իրենց ղեկավարներից հանդիպմանը փաստը թաքցնելուն։