Խոզերը սատկել են, բայց աֆրիկյան ժանտախտը հաստատող փաստաթուղթ չկա

Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանն ասաց, որ գյուղում բրուցելյոզ հաստատվել է 13 կովի և 3 ոչխարի մոտ. կենդանիները մորթվել են

Տավուշի մարզում խոզերի աֆրիկյան ժանտախտ այս պահին չի ֆիքսվել: Խոզերը սատկել են, բայց աֆրիկյան ժանտախտը հաստատող փաստաթուղթ չկա: Բրուցելյոզ հիվանդություն արձանագրվել է միայն Աչաջուր համայնքում՝ փոքր մասշտաբի: 2018թ-ից մինչև այժմ՝ երկու տարվա կտրվածքով մարզում անկել է 1300 գլուխ խոզ, Սև քար, Կոթի, Բարեկամավան, Թովուզ համայնքներում:

Այս մասին  տեղեկացրեցին Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունից:

Մեզ հետ զրույցում, Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանն ասաց, որ Աչաջուր գյուղում բրուցելյոզ հաստատվել է 13 կովի և 3 ոչխարի մոտ. կենդանիները մորթվել են:

Նա նաև նշեց, որ մեկ անձ կորցրել է 11 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ում Տավուշի մարզպետարանից փոխարենն առաջարկել են 11 գլուխ ոչխար, որին չեն համաձայնել․ «Ոչխարը պահելը դժվար է, և նրանք ցանկանում էին հորթ կամ կով պահել, նեղված էին, դրա համար էլ չընդունեցին: Նրանք էլի կովեր ունեն, ստուգել են՝ մաքուր են կովերը»,- ասաց Աչաջուր համայնքի ղեկավարը:

Իսկ թե ինչպես է եղել, որ գյուղում  նման վարակ կա, Ղալթախչյանը տեղյակ չէր, նշեց նաև՝ թե անասնաբուժական ծառայությունները, թե գյուղնախարարությունը տեղյակ են:

Ըստ Կարեն Ղալթախչյանի, դեկտեմբերին, երբ արյուն են վերցրել՝ կենդանիներն առողջ են եղել, իսկ արդեն այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին՝ հիվանդացել են:

Աչաջուրի համայնքապետը հավելեց, որ Աչաջուր գյուղում նաև խոզերի անկում է գրանցվել. միայն մեկ հոգի կորցրել է 52 գլուխ խոզ, մարդ կա, որ 16 գլուխ է կորցրել, մասնագետները նայել են, սակայն չեն հաստատել, որ աֆրիկյան ժանտախտ է: Իսկ թե ինչ հիվանդությունից են նման մեծաքանակ կենդանի անկել, և անասնաբույժները հրահանգել են թաղել՝ համայնքապետը տեղյակ չէր:

 Աչաջուր գյուղի բնակիչ Գեղամը, ով նախորդ տարվա նոյեմբերին կորցրել է 52 գլուխ խոզ նշեց, որ 40 գլուխ խոճկոր է նաև սատկել, որը որևէ տեղ չի արձանագրված․ «Ինձ բանավոր ասում են աֆրիկյան ժանտախտ է, մարդիկ, որ հասկանում են, ասել են, որ այս հիվանդությանը բուժում չկա, դրանք ժանտախտի նշաններ են: Ես 17 մայր խոզ եմ կորցրել, մեր լեզվով՝ մորոն, 60 գռվակ՝ միջին տարիքի խոզ: 40 խոճկորներին բոլոր սրսկումներ էլ արել էի, բայց սատկեցին: Հիմա խոզի ֆերմա ունեմ 450 քառ մ՝ դատարկ»,- ասաց Գեղամը:

Վերջինս հայտնեց նաև, որ իրեն ասել են, որ խոզերին թաղեն՝ չի համաձայնել, տվել է շներին որպես կերակուր, իսկ թե դա ինչքանով է անվտանգ, ասաց, որ շները կապված են և առողջ են:

Գեղամը նաև նշեց, որ 40 գլուխ կով ունի, որոնք առողջ են, վարկեր է վերցրել, որոնք վճարում է եղբայրը, նա աշխատում է ՌԴ-ում, փողն ուղարկում է, ինքն էլ վճարում է, որ «սև ցուցակ» չընկնի:

«Մի քանի օր առաջ Տավուշի փոխմարզպետի մոտ եմ մտել, ասել է, որ տվյալները հաշվառված են, ուղարկել են կառավարություն: Էդքանը»,- ասաց Գեղամը՝ հավելելով, որ վերջերս էլ է գյուղում խոզեր սատկել, սակայն տեղյակ չէ, թե ինչ հիվանդությունից:

Analitik.am