Նոր սրացում է սպասվում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին ևս մեկ անգամ հաստատել է, որ Անկարան չի հրաժարվի ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր գնելու գործարքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին ևս մեկ անգամ հաստատել է, որ Անկարան չի հրաժարվի ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր գնելու գործարքից, չնայած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս անդամների ճնշումներին:

Ռամադան տոնի առթիվ այսօր առավոտյան աղոթքից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Էրդողանն ասել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագիր ունի: - «Մենք վճռական ենք, հետքայլ կատարելու հարց չի կարող լինել», - ընդգծել է նա:

Անդրադառնալով S-400-ի փոխարեն ամերիկյան Patriot հրթիռային համակարգեր գնելու՝ Վաշինգտոնի առաջարկին, Էրդողանն ասել է, թե Ռուսաստանի առաջարկած գործարքը ավելի շահավետ է: Միաժամանակ Էրդողանն ասել է, թե կարող են քայլ կատարել նաև ամերիկյան Patriot-ներ ձեռք բերելու համար, եթե ամերիկյան կողմից շահավետ առաջարկներ լինեն:

Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմատեխնիկական խոշոր համագործակցությունը խորացնում է տարաձայնությունները Վաշինգտոնի ու Անկարայի միջև:

ԱՄՆ պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության հարցերով տեղակալի պաշտոնակատար Քեթրին Ուլբարգերն օրերս ասել էր, թե S-400 Ռուսաստանի գնելու գործարքը աղետալի ազդեցություն կունենա F-35 կործանիչների համատեղ արտադրության, ինչպես նաև Թուրքիայի և ՆԱՏՕ֊ի մյուս անդամների հարաբերությունների վրա:

Ատլանատյան խորհրդի նիստում Ուլիբարգերն ասել էր․ - «Եկեք հստակ արձանագրենք, S-400-ը ստեղծվել է F-35 տեսակի օդանավեր ոչնչացնելու համար, պարզապես անհնարին է ենթադրել, որ ռուսները չեն փորձի օգուտ կորզել այդ ընձեռված առիթից»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի S-400 հրթիռային համակարգերը գնելու բանակցությունները Թուրքիան սկսել էր 2017 թվականից:

Էրդողանն անդրադարձել է նաև Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ մայիսի վերջերից սկսված թուրքական բանակի հարվածներին: Նա ասել է, թե այդ գործողությունները վճռականորեն շարունակվում են: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել էր, թե մայիսի 27-ին սկսված այդ գործողության ընթացքում Թուրքիայի ներսում և Իրաքի հյուսիսում 64 քուրդ զինյալներ են չեզոքացվել:

Այսպես, ԱՄՆ-ի հորդորներն ու ջանքերը ապարդյուն են անցնում: Անկարան անդրդվելի է: Թուրքիա-ԱՄՆ փոխհարաբերություններում ապագայում կարող են ավելի լուրջ սրացումներ լինել: