ՎՍԴՀԿ նախագահ, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ ներկայումս բավականին հետաքրքիր ժամանակաշրջան է։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հեղափոխությունից հետո բոլոր փորձառու մարդիկ ու քաղաքական ուժերը հասկանում էին, որ ամենն անցնցում չի լինի։
«Բնականաբար, այն քաղաքական ուժը, որ կորցրել է իշխանությունը, պիտի փորձի ինչ-որ ձևով ռևանշի հասնել, գոնե իր ակտիվությամբ փորձել վերակազմավորվել և շարունակել պայքարն արդեն գործող իշխանության նկատմամբ:
Բայց մենք ականատես եղանք շատ ավելի հետաքրքիր իրավիճակի, երբ ոչ միայն նախկին իշխող քաղաքական ուժն է ակտիվ պայքարի մեջ փորձում արտախորհրդարանական ընդդիմության հետ որոշակի շփումներ հաստատել և պատրաստվում է ինչ-որ գործողությունների, այլև բացի դրանից, կա մեկ այլ թիմ, որը ակտիվացել է, դա պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ, հետագայում նաև խափանման միջոցի փոփոխությամբ»,- ասաց նա։
Սարգսյանի գնահատմամբ՝ հիմնական նախկին ընդդիմադիր ուժերը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և այլք, այսօր հետին պլանում են, որովհետև, ըստ էության, աջակցում են գործող իշխանությանը։
«Ժամանակին գործընկերներ ենք եղել, այդ թվում նաև մենք և փորձում ենք ավելի զուսպ պահվածքի մեջ լինել, երբեմն, ինչ-որ կարծիքների մեջ համամիտ չլինելով էլ՝ լռում ենք»,- հավելեց Սարգսյանը։
Լյուդմիլա Սարգսյանն անդրադարձավ նաև տարբեր ուժերի՝ միմյանց նկատմամբ բռնության կոչերին։ Նա շեշտեց՝ ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի նկատմամբ Ազատության հրապարակում կատարվածն անթույլատրելի ու դատապարտելի է, սակայն ՀՅԴ-ն պետք է վեր կանգներ այս ամենից։
««Դաշնակցության» կողմից բռնության իրական դրվագները մենք արդեն տեսել ենք, ինչն անընդունելի է։ Այդքան հին, իմաստուն, մեծ քաղաքական ուժն իրավունք չունի նման դրսևորումներով առաջ շարժել ու առավել ևս հրապարակային ծեծի ենթարկել մի մարդու, ում հետ կարելի էր կա՛մ խոսել, կա՛մ վեր կանգնել այդ ամենից։ Հիմա էլ տեսակետ է պտտվում, որ «Դաշնակցությունը» զգուշացրեց, հաջորդ քայլը կրակելն է։ Ինչքանո՞վ է սա նորմալ, չի կարելի, մենք դեռ չենք մոռացել «Դրոյի» գործը, ՀՅԴ-ն մաքրվելու խնդիր ունի»,- հավելեց Լյուդմիլա Սարգսյանը։
0Comments