Բոլորն օրենքի առջև հավասար են. Օսիպյան

Ոստիկանության պետը անդրադարձել է հասարակություն-ոստիկանություն վստահությանը՝ ընդգծելով, որ այդ գործում մեծ է ճանապարհային ոստիկանության դերը

Մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, Վալերիյ Օսիպյանը նախ` շնորհակալություն է հայտնել «Վերջին զանգի» օրը սրտացավ ու բարեխիղճ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով իր գոհունակությունը փոխանցել ենթականերին։

Ոստիկանության պետը անդրադարձել է հասարակություն-ոստիկանություն վստահությանը՝ ընդգծելով, որ այդ գործում մեծ է ճանապարհային ոստիկանության դերը։ Այս համատեքստում Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու համարձակ՝ հանդուրժողականություն չցուցաբերելով իրավախախտների նկատմամբ։

«Հաշվի չառնեք իրավախախտ վարորդի ո՛չ դիրքը, ո՛չ կարողությունը, ո՛չ էլ զբաղեցրած պաշտոնը․ ստեղծված իրավիճակում բոլորը հավասար են օրենքի առջև»,- շեշտել է ոստիկանության պետը։

Խոսելով կոռուպցիոն դրսևորումների արատավորության մասին՝ Վալերիյ Օսիպյանը հույս է հայտնել, որ հանձին ճանապարհային ոստիկանների՝ իրավիճակի պահանջներից ու տրամաբանությունից շեղվողներ չեն լինի։ Ոստիկանության պետը հավաստիացրել է, որ շեղվողները խստագույնս կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ անկախ կոչումից ու զբաղեցրած պաշտոնից։

Խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձել նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը։

Կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու առումով Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է բազմակողմանի վերլուծել մահվան ելքով բոլոր պատահարները, յուրաքանչյուր դեպքով վեր հանել վթարը ծնող պատճառները և գործնական քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ՝ ակտիվ համագործակցելով խնդրով մտահոգ պետական ու ոչ պետական մարմինների հետ։

Առանձին քննարկման առարկա է դարձել ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացումը։ Այս առումով ևս ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել։