ԱՄՆ-ի 9 նահանգներ, այդ թվում՝ Կալիֆորնիան, ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը, մեկ շաբաթ առաջ այս մասին հիշեցրել էր Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: ՌԻԱ Նովոստի գործակալությունը մեջբերել էր Մայիլյանի խոսքն այն մասին, որ Արցախի անկախությունը ճանաչած վերջին նահանգը Կոլորադոն է:
Մասիս Մայիլյանը նշել է, որ ամերիկացի կոնգրեսականները գրեթե ամեն տարի գալիս են Արցախ: Նա միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, որ վերջին տարիներին ռուս պատգամավորները դադարել են Ստեփանակերտ այցելել. «Մենք աշխատում ենք, որ Ղարաբաղի ու Ռուսաստանի միջև ավանդական կապերն այս առումով վերականգնվեն», – ասել է Մայիլյանը՝ հիշեցնելով, որ վերջին անգամ ռուս խորհրդարանականներն Արցախ են այցելել 2012 թվականին:
Ահա, այս հայտարարությունից մեկ շաբաթ անց, օրերս հայտնի դարձավ, որ ռուսաստանցի վերլուծաբաններ Ստանիսլավ Տարասովն ու Մոդեստ Կոլերովը այցելել են Արցախ: Նրանք Արցախում ունեցել մի շարք հանդիպումներ՝ ինչպես պաշտոնյաների, քաղաքական գործիչների, այնպես էլ ուսանողների հետ, ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց տեսակետները։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ստանիսլավ Տարասովը նշեց, որ իրենք Արցախ այցելելու հրավեր են ստացել, այն կապված է եղել հրադադարի կնքման 25-ամյակի հետ, ներկա է եղել նաև դեսպան Կազիմիրովը: «Կարող ենք ասել որ կոնֆերանսի նման մի միջոցառում էր, որի ընթացքում մտքեր են փոխանակվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Շատ բարյացակամ զրույց էր հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ և, կարծում եմ, շատ արդյունավետ էր»,- ասաց նա։
Տարասովը տեղեկացրել է նաև, որ իրենք հանդիպել են մասնավոր «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի երրորդ կուրսի ուսանողների հետ և հետաքրքիր զրույց ունեցել։ Հարցին՝ չե՞ն վախենում, արդյոք, հայտնվել Բաքվի «սև ցուցակում», Տարասովը պատասխանեց. «Մենք վաղուց ենք այդ ցուցակում, և մենք չենք վախենում այդ սև ցուցակներից։ Այստեղ կարևոր խնդիրն այն է, որ Ղարաբաղյան հակամարտությունը շոշափում է Ռուսաստանի ազգային հետաքրքրությունները և ցանկացած ապակայունացում սպառնում է նաև Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Մենք պետք է այնտեղ լինենք, պետք է այդ ամենը տեսնենք, և դա ամենևին չի նշանակում, որ մենք մի կողմի հետ ենք խաղում, մենք առաջին հերթին մեր պետականության հետաքրքրությունն ենք պաշտպանում։ Չենք կարող տեղեկատվություն իմանալ՝ միայն կարդալով հայկական կամ ադրբեջանական մամուլ, մենք քաղաքական գործիչներ չենք, որոշումներ կայացնողներ չենք, ընդամենը փորձում ենք վերլուծել ու իմաստավորել կայացրած որոշումները»։
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ստանիսլավ Տարասովը նկատում է որոշակի ակտիվություն և նշում. «Այն կոնտակտները, որ կան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, մեր կարծիքով՝ հեռանկարային են, այդ երկխոսությունը պետք է շարունակվի։ Հիմա քննարկումներ ենք ընթանում արտգործնախարարների հանդիպման հետ կապված։ Կան տարբեր սցենարներ, Հայաստանի նոր իշխանություններն էլ խոսում են այն մասին, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին։ Մենք գուշակություններով չենք զբաղվի, մենք փորձագետներ ենք և ո՛չ քաղաքական գործիչներ ու որոշում կայացնողներ։ Եվ մենք կարող ենք արձանագրել, որ երկխոսության ընթացքում ուժային ճանապարհով հակամարտության կարգավորման ռիսկը նվազում է, ինչն անշուշտ դրական է»։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կլինի Վաշինգտոնում. «Մենք ուշադրությամբ հետևում ենք գործընթացին, հիշում ենք, երբ Մամեդյարովն ասաց, որ Վաշինգտոնում այդպիսի մի հանդիպում անցկացնելու առաջարկ է եղել։ Իհարկե, շատ հետաքրքրությամբ ընդունեցինք այդ նորությունը, ԱՄՆ-ը հակամարտության կարգավորման համանախագահող պետություններից մեկն է։ Երկրորդ՝ գիտեք, որ մի փուլում կար Մոսկվայի ակտիվացումը, երբ Դուշանբեում ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, հետո՝ ԱՊՀ ձևաչափում, հետո տեղի ունեցան հեռախոսազրույցներ Պուտինի և Ալիևի, Պուտինի և Փաշինյանի միջև։ Այստեղից կարող ենք հետևություն անել, որ ռուսաստանյան կողմը հենց առաջին դեմքի մակարդակով է այս հարցի շուրջ շփումներ անցկացնում։ Հիմա հետաքրքիր է, թե ինչպես է իրեն պահելու ամերիկյան կողմը՝ արդյոք Թրա՞փմն էլ Պուտինի քաղաքականությունը կվարի, թե՞ կբավարարվենք Պոմպեոյի մասնակցությամբ»,- ընդգծել է նա։
Երկրորդ ուշագրավ հանգամանքն, ըստ Տարասովի, այն է, թե արդյոք ԱՄՆ-ը ունի՞ կարգավորման առանձին պլան: «Մեր ունեցած տեղեկության համաձայն՝ իրենք Մինսկի խմբից առանձին սցենար չունեն և գործում են Մինսկի խմբի հետ համաձայնեցված։ Իհարկե, մենք բանակցությունների ընթացքը ամենայն մանրամասնությամբ չգիտենք, որովհետև դա փակ դիվանագիտական գործընթաց է, բայց, նորից եմ կրկնում, հետաքրքիր է՝ Թրամփն անձամբ ներկա կգտնի, կմասնակցի՞: Դրանից շատ բան կարելի է եզրակացնել։ Եթե անձնական հետաքրքրություն չլինի, կնշանակի, որ ամերիկացիների համար Ղարաբաղյան հակամարտությունը երկրորդական հարց է»,- հավելել է նա։
Դիտարկմանը ի պատասխան, թե Ռուսաստանն արդյոք ունի՞ կարգավորման առանձին պլան, Ստանիսլավ Տարասովը նշել է, թե Մոսկվան շատ զգուշավոր և չեզոք դիրքորոշում ունի այս հարցի շուրջ և հաստատապես պնդում է, որ կարևոր որոշումը պետք է կայացնեն Երևանն ու Բաքուն, իսկ եթե Ստեփանակերտը մասնակցի բանակցություններին, ապա նաև Ստեփանակերտը։
Ուշագրավ է, որ Ստեփանակերտ են այցելում հայամետ դիրքորոշում ունեցող փորձագետները, վերջերս էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում նախկին ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն էր այցելել Արցախ: Բայց ստացվում է, պետական մակարդակով՝ ռուսները խուսափում են Արցախ այցելելուց,գրում է hayeli.am:
Հետաքրքիր է՝ ինչու՞...
0Comments