Ոստիկանությունն ապահովում է Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը

Սոցիալական ցանցերում մինչ օրս սպառնալիքներ են հնչում Դավիթ Գրիգորյանի նկատմամբ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելուց հետո ոստիկանների ուղեկցությամբ է շրջում։ Ոստիկանությունից news.am-ին հայտնեցին, որ Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոփոխվեց Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, Գրիգորյանը որոշեց սույն գործի վարույթը կասեցնել եւ գործը ուղարկել Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով: Այս որոշումներից հետո սոցիալական ցանցերում մինչ օրս սպառնալիքներ են հնչում Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։