Էդուարդ Աղաջանյանը վարչապետին կանգնեցրել է դատարանի առաջ

Գործը վարույթն ընդունվեց

ՀՀ Վարչական դատարանը երեկ վարույթ ընդունեց Կառավարությունում պաշտոնանկ արված Հայկ Այվազյանի հայցը՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Նշենք, որ սա բացառիկ դեպք է, երբ երկրի ղեկավարին աշխատանքից ազատման իր ստորագրած հրամանի համար պաշտոնանկ արված անձը կանգնեցնում է դատարանի առաջ:

Հիշեցնենք, ապրիլի 1-ին Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանին անսպասելի հայտնում են, որ ինքն ազատված է աշխատանքից՝ առանց որևէ պարզաբանման և պատճառաբանություն ներկայացնելու:

Հետագայում միայն պարզ դարձավ, որ ազատման հրամանի հիմքում Էդուարդ Աղաջանյանի հետ կոնֆլիկտային հարաբերություններն են եղել, Կառավարության աշխատակազմի ղեկավարը հաճախ է անհարմար իրավիճակներում հայտնվել իր ոչ կոմպետենտ հրամանների պատճառով, ինչից դրդված՝ որոշել է կտրուկ քայլերի գնալ:

Ստացվում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին՝ միացել է Աղաջանյանի հրահրած խարդավանքներին, նրա ձեռքից պարզապես վերցրել և ստորագրել էր թիմակցի «նկարած» ազատման հրամանը՝ առանց խորանալու և պարզաբանում պահանջելու, թե ինչո՞ւ է Աղաջանյանը շահագրգռված՝ համակարգից հեռացնել Հայկ Այվազյանին:

Նշենք, որ երկար ժամանակ Հայկ Այվազյանն այդպես էլ որևէ պարզաբանում չի կարողացել ստանալ իրեն ազատելու հիմքերի մասին: Միակ մեկնաբանությունը, որ Աղաջանյանն այդուհանդերձ համարձակվել է հնչեցնել՝ Քաղաքացու օրվա առթիվ բրիֆինգի ժամանակ է եղել: Հայկ Այվազյանի ազատման հրամանը նա համարել էր վարչապետ Փաշինյանի կամայական որոշում:

Իսկ կլեգալացնի՞ դատարանն իր վճռով, որ վարչապետն իսկապես կամայական որոշում է կայացրել, թե՞ այդուհանդերձ երկրի բարձրագույն ղեկավարի դեմ հայցն այլ ընթացք կստանա, պարզ կդառնա առաջիկայում:

Նշենք, որ ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության ղեկավարի դեմ. նախ՝ պարտավորեցնում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանը, վերականգնվել աշխատանքի, և, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։

Նկատենք, վարչապետը փաստացի մարսել է թիմակցի «լեզվի սայթաքումը» և ներել է Աղաջանյանին, ինչպես որ ներվում է գնումների գործընթացում նրա փաստացի շահագրգռվածության դրսևորումները և կայամականությունները կառավարության աշխատակիցների ապօրինի աշխատանքից ազատելու մասով:

Այս ամենից առայժմ ոգևորված չէ Հայկ Այվազյանը:

«Հայցապահանջի վարույթ ընդունելը չէի ասի, թե առանձնապես ոգևորել է ինձ. դա համարում եմ ընդամենը տրամաբանական, իրավական գործընթաց, որովհետև գոնե ինձ համար ակնհայտ էր իմ իրավունքի խախտումը: Ես համոզված եմ, որ գործն օրինական ընթացքով կշարունակվի, և ես դատարանից այլ բան՝ քան հայցի ամբողջական բավարարում, չեմ էլ ակնկալում» ,- 168.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Հայկ Այվազյանը: