3-4 երկրից եզրակացություն են ստացել

Քոչարյանի քրեական գործով նյութերը, ապացույցներն ուղարկվել են ռուսաստանյան փորձագիտական կենտրոն, որտեղ փորձաքննության են ենթարկել, ռուսաստանցի իրավաբանները եկել են եզրակացության, որ մեղադրանքն անհիմն է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով նյութերը, ապացույցներն ուղարկվել են ռուսաստանյան փորձագիտական կենտրոն, որտեղ փորձաքննության են ենթարկել։ Ռուսաստանցի իրավաբանները եկել են եզրակացության, որ մեղադրանքն անհիմն է։ Մեր տեղեկություններով, այդ եզրակացությունը տրամադրվել է հայկական կողմին՝ իշխանություններին, որ ծանոթանան եւ հետեւություններ անեն։ Մեզ հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը չցանկացավ մեկնաբանել տեղեկությունը՝ նշելով․ «Ո´չ հերքում եմ, ո´չ հաստատում»։

Մեկ այլ պաշտպան` Հովհաննես Խուդոյանն էլ ասաց․ «Գործի նյութերը որեւէ տեղ չենք ուղարկել։ Այլ երկրներից կան մասնագիտական գնահատականներ, մենք մասնագիտական վերլուծություններ ենք կատարում՝ կապված մեղադրանքի հետ, այն հոդվածի հետ, որը կիրառվում է։ Մենք ընդամենն ուղարկում ենք համապատասխան հոդվածի թարգմանությունն ու ասում ենք՝ իրավական մեկնաբանության ենթարկեք այս հոդվածը։ Բոլոր երկրների փորձը, օրենսդրությունն ուսումնասիրում ենք, առնվազն 3-4 երկրի իրավաբաններ իրենց կարծիքն են ներկայացրել՝ նշելով հիմնականում, որ չեն հասկանում էս հոդվածի էությունը, չեն կարողանում մեկնաբանել այս հոդվածը»։

Նա նաեւ նշեց, որ այդ գնահատականները դատարանում եւս կներկայացնեն։
Նշենք, որ այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին, գործը վերամակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու եւ խոշոր գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու մեջ՝ մեկ այլ գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով։ Նույն քրեական գործով անցնում են նաեւ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Սամվել Մայրապետյանը եւ Արմեն Գեւորգյանը։