Այսօր լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը տեւական ժամանակ ստուգումներ է անցկացրել ջրօգտագործման ոլորտում։ Նախօրեին էլ ՊՎԾ պետի ԺՊ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ «ջրային ոլորտի ուսումնասիրությունները դրական արդյունքներ են տվել, ինչի արդյունքում 2 քրեական գործ կա հարուցված»։
Այնուհետև, թերթը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ իրենց տեղեկություններով, գործը դեռեւս հարուցված չէ, նյութերն ուղարկվել են իրավապահներին, սակայն դրանցից մեկը վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին․ ստուգումների արդյունքում պարզել են, որ նրան պատկանող գինու-կոնյակի գործարանը տարիներ շարունակ ջուր է օգտագործել ու չի վճարել դրա դիմաց, նախնական հաշվարկով՝ խոսքը շուրջ 2 միլիարդ դրամի մասին է։
Այս հարցի շուրջ մենք կապ հաստատեցինք «Արտաշատ Վինկոմ» ընկերության տնօրեն Ծերուն Վիրաբյանի հետ, որը հերքեց լուրը` նշելով, որ այն իրականության հետ չի համապատասխանում: «Որևէ ապօրինի ջրամատակարարում երբեք չենք իրականացրել: Տարածված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է, մեր ընկերությունում խախտումներ չեն հայտնաբերվել, քրեական գործ չի հարուցվել»,- Hayeli.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց նա` հավելելով, որ ոչ իրավապահների կողմից է ստուգումներ իրականացվել, ոչ էլ` առավելևս` ՊՎԾ-ի:
0Comments