Հնդկաստանի 9 նահանգներում երկուշաբթի սկսվել է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների 7 փուլերից չորրորդը: Երկրի ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի 72 տեղի համար պայքարելու են 957 թեկնածուներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին: Ընտրողները քվեարկելու են Բիհար, Ջամու եւ Քաշմիր, Ջարքհանդ, Արեւմտյան Բենգալիա, Մադհյա-Փրադեշ, Մահարաշթրա, Օդիշա, Ռաջասթհան, ինչպես նաեւ Ուտար-Փրադեշ նահանգներում: Ընտրական տարածքների մեծ մասում քվեարկությունը կտեւի մինչեւ 18:00, սակայն որոշ տարածքներում կավարտվի 16.00-ին՝ ընտրողների անվտանգության նկատառումներից ելնելով մինչեւ մութն ընկնելը:
Ապրիլի 23-ին տեղի ունեցած ընտրությունների երրորդ փուլին մասնակցությունը կազմել էր 63 տոկոսից ավելի:
Հնդկաստանի Ընտրական հանձնաժողովն ավելի վաղ հայտնել էր, որ այս քվեարկությունը կարող է դառնալ համաշխարհային պատմության մեջ ըստ քվեարկողների թվի ամենամեծածավալը՝ երկրում գրանցված է շուրջ 900 մլն ընտրող: Ընտրությունները կարելի է անվանել նաեւ աշխարհում ամենաերկարը: Այն բոլոր 29 նահանգներում եւ 7 միութենական տարածքներում անցկացվում է 7 փուլով (ապրիլի 11-ին, ապրիլի 18-ին, ապրիլի 23-ին, ապրիլի 29-ին, մայիսի 6-ին, մայիսի 12-ին եւ մայիսի 19-ին): Ձայների հաշվարկը պետք է ավարտվի մայիսի 23-ին:
Հիմնական պայքարն ընթանում է Հնդկաստանի 2 առաջատար քաղաքական ուժերի միջեւ՝ իշխող աջ «Բհարաթիա ջանաթա» եւ ընդդիմադիր «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցությունների միջեւ: Ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք «Բհարաթիա ջանաթա» կուսակցությունը կկարողանա կրկնել 2014 թվականի հաջողությունը, իսկ գործող վարչապետ Նարենդրա Մոդին այս պաշտոնը զբաղեցնի անընդմեջ երկրորդ անգամ:
0Comments