«Ո՞վ է Լիլի Մորտոն»

ՀՌԱՀ նախագահի արձագանքը՝ լրագրողի հարցին

«Մոտ մեկ ամիս առաջ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի մի հաղորդում առանց հանրայնացնելու, աղմուկ հանելու, փոխհամաձայնության գալով  հանեցինք եթերից և այն չհեռարձակվեց, որն իսկապես կարող էր պարունակել անճաշակություն և հետևանքներ ունենալ»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այստեղ խնդիրն այն չի, որ բացահայտես և ինքնահաստատվես՝ ինչ-որ պատիժ կիրառելով. «Մենք նաև որոշ պրոֆիլկատիկ աշխատանքներ ենք տանում՝ փորձելով մեղմացնել բացասական հետանքները այնպիսի հաղորդումների, որոնք եթե օրենք չեն խախտում, չեն կարող չլինել։ Այսինքն՝ նույնիսկ արդարացված դժգոհությունը չի կարող իրավական հետևությունների հիմք դառնալ»։

Սակայն Հակոբյանը նշեց, որ որոշ սահմանափակումներ կան, որոնք պետք է ամրագրվեն օրենքով։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ «հեռուստատեսությամբ հեռարձակվում է հաղորդում, որի առանցքում Լիլի Մորտոյի կրծքերն են և հանձնաժողովն այդտեղ անելիք չունի՞»։

ՀՌԱՀ նախագահն այսպես արձագանքեց. «Ո՞վ է Լիլի Մորտոն,- այնուհետև շարունակեց, -այստեղ հանձնաժողովն անելիք չունի։ Օրենքով ամրագրված է, որ մենք իրավունք չունենք միջամտել խմբագրական քաղաքականությանը, և դա խոսքի ազատության, և ԶԼՄ–ների խոսքի ազատության երաշխիքներից մեկն է։ Այս հարցը շատ բազմաբովանդակ է և բազմավեկտորային, և այնքան կախված չէ մեր կարգավորումներից, որքան մեր հասարակության մակարդակից, մարդկանց գիտակցությունից, մարդկանց ճաշակից։ Այդքան նեղվել չի կարելի, քանի որ հեռուստատեսային ծրագրերն այդքան մեծ ազդեցություն մարդու ճաշակի վրա չեն ունենում, և եթե նույնիսկ ամենառաջատար երկրների կոմերցիոն հեռուստաընկերությունները նայեք,որոնք շատ ժամանակ հեռարձակում են զվարճալի հաղորդումներ, ապա այնտեղ շատ ցածր որակի և սահմանն անցնող հաղորդումներ կան»։