Մինչ ԱԺ նիստի սկսվելը Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես անդրադարձավ ցեմենտի գործարանի շուրջ բարձրացված աղմուկին:
«Հիմնական պատճառը հանձնաժողովն է, քանի որ այդ խնդիրը քննարկվել է էկոնոմիկայի նախարարի հետ, մենք ցեմենտի գինը 50.000-ից դարձրել էինք 40.000, որ պահանջարկը մեծ լիներ: Իսկ այսօր չգիտեմ ով, ինչ անձնական շահերի շնորհիվ որոշում է կայացրել` թող էդքան ընտանիք չաշխատի, տուրքը չդրվի հենց կլինկերի վրա, իսկ կլինկերը ցեմենտի հիմնական մասն է՝ հիմնական ծախսատարը:
Էսօր 100.000 տոննա կլինկեր ստանալու համար հարկավոր է 3 մլն գազի գումար վճարել, 1,5 մլն հոսանքի գումար վճարել, 1300 հոգու աշխատավարձ տալ, իսկ իրենք մտածում են կլինկերի վրա տուրք չդնել անձնական շահերի, ծանոթ-բարեկամով խնդիր լուծել:
Ես պահանջներ չունեմ, բայց հանձնաժողովի նախագահից պետք է միայն պահանջել, որ որոշումը փոխվի: Կառավարությունը որոշել էր, հարցը լուծված էր, թե ինչ փոխվեց, բոլորդ էլ կիմանաք հանձնաժողովի նիստի ժամանակ»,- ասաց Ծառուկյանը:
Ծառուկյանին հարցրին նաև նրա նախաձեռնությամբ գումարված հանձնաժողովի նիստին Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներ հրավիրելու պատճառը.
«Հիմնական նպատակն այն է, որ աշխարհում տնտեսական ճգնաժամ է և քաղաքական մթնոլորտի սրացում, այս վիճակից դուրս գալու համար երաշխավորը կարող է լինել միավորումը և միասնական աշխատանքը: Այսօր դուք այդ բոլորը կտեսնեք, մենք դա կազմակերպել ենք»:
Ծառուկյանը շտապեց նիստին՝ խոստանալով նիստից հետո պատասխանիել լրագրողների բոլոր հարցերին:
0Comments