Արարատում բողոքի ակցիա է

Նրանք պահանջում են չեղյալ ճանաչել ծանուցումները, գտնել լուծումներ, որպեսզի կարողանան շարունակել աշխատել

«Արարատ ցեմենտ» ընկերության աշխատակիցները վաղ առավոտից փակել են դեպի գործարան տանող ճանապարհը։ Նրանք անցած ուրբաթ ծանուցումներ են ստացել աշխատանքային պայմանագրերը խզելու մասին։

Աշխատակիցները  հրաժարվում են դրանք ստորագրել։ Ստորագրելու դեպքում ավելի քան 1000 մարդ կմնա գործազուրկ։

Ըստ ծանուցման,  այն ստանալու օրվանից  երկու ամիս հետո աշխատանքային պայմանագիրը կլուծվի արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական ու աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ պայմանավորված աշխատողների քանակի ու  հաստիքների կրճատման պատճառով։

Նրանք պահանջում են չեղյալ ճանաչել ծանուցումները, գտնել լուծումներ, որպեսզի կարողանան շարունակել աշխատել։

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է եկել քաղաքապետ Հայկ Հայկյանը։ Նա նշեց՝ տնօրինությունը պետք է լուծում գտնի, հակառակ դեպքում ստիպված են լինելու դիմել կառավարությանը, որպեսզի  նման իրավիճակ քաղաքում չլինի։