Այն իրավիճակը, որ ունենք ՀՀ-ում, բացառիկ հնարավորություն է ստեղծում ազգային ներուժն իրապես համախմբելու, նոր իրավիճակ արձանագրելու, որ կարողանանք մեր ուժերը համախմբել մեր ազգային երազանքներն իրականացնելու գործում: Ստրասբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Հայաստանը պետք է դառնա աշխարհի բոլոր ծայրերում գտնվող հայերի համախմբման կենտրոն և լավագույն ապրելու տեղը: «Մենք այսպես ենք պատկերացնում, որ ՀՀ-ն հնարավորությունների երկիր է պետք դարձնել, որ յուրաքանչյուր ոք իր տաղանդն ու հմտություններն իրացնի: Կարևորը ո՞րն է ՀՀ քաղաքացու համար, կարևորն ինքնազգացողությունն է, իր կարգավիճակի մասին պատկերացումը սեփական երկրում:
Իսկ որ ՀՀ քաղաքացին բարձրագույն իշխանություն է և տեր Հայաստանի Հանրապետության, կարծում եմ, ոչ ոք դրանում չի կասկածում, ոչ միայն հայերը, ՀՀ քաղաքացիները, այլև ողջ միջազգային հանրությունը»,-ասաց նա: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին:
Նա ներկաներին ասաց, որ Կառավարությունում առաջացել է մտադրություն ծրագիր ստեղծել ներգաղթյալների համար: «Բնակարան ներգաղթյալներին, որի իմաստը հիփոթեքային վարկեր առաջարկելն է մատչելի պայմաններով, և հիմա աշխատում ենք այդ ծրագրի վրա»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պատկերացնում էր, երբ հեղափոխական էր, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ այո: «Ամեն ինչ հենց այդպես էլ ընթանում է, որովհետև մեկ տարի է՝ անընդհատ ասում են՝ վայ տնտեսական վիճակը, տնտեսական գաղափարախոսությունը, բայց գաղափարախոսությունը շատ պարզ է, ասում ենք, որ նույն բանաձևը դրել ենք քաղաքական հեղափոխության հիմքում, դնում ենք տնտեսական հեղափոխության հիմքում՝ քաջալերել անհատական ջանքը, մարդուն օգնել, որ ինքն իր ուժերին հավատա, քաջալերել նրա տաղանդը»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիմա Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել, որ ուզում է գործ անել, իրեն թույլ չեն տալիս: «Բացառվում է նման բան, իհարկե կարող են նման դեպքեր լինել, բայց արվեն թաքուն, իսկ երբ որ բռնեցինք այդպես վարվողներին, նրանց հետ գիտեք՝ ինչ կլինի»,-ասաց նա:
0Comments