Բանանցը հաղթեց Գանձասար-Կապանին՝ խելահեղ վերջաբանով խաղում

Այս հաղթանակի շնորհիվ «Բանանցը» իր միավորների թիվը հասցրել է 38-ի և հավասարվել առաջատար «Արարատ-Արմենիային»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Բանանցը» հյուրընկալվելիս մրցել է «Գանձասար-Կապանի» հետ և 2:1 հաշվով հաղթանակ է տարել լարված խաղում: Հանդիպումը կայացել է Ավանի ակադեմիայի մարզադաշտում։

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 

Երկրորդ խաղակեսում՝ 54-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո Կասպարովի դարպասը գրավեց Էդվարդ Կպոդոն: 

83-րդ րոպեին «Գանձասար-Կապանի» կազմում հաշիվը հավասարեցրեց Ալեքսանդր Օգանիսյանը: «Բանանցի» պաշտպաններն այդ դրվագում սպասում էին եզրային մրցավարի՝ խաղից դուրս իրավիճակի արձանագրում: 

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտին «Գանձասար-Կապանը» մնաց 10 հոգով. 2-րդ դեղին քարտով խաղադաշտը լքեց Չուլան: 92-րդ րոպեին Պապե Աբդու Կամարան գեղեցիկ գոլով կրկին առաջ մղեց «Բանանցին» ու ապահովեց իր թիմի հաղթանակը: 

Այս հաղթանակի շնորհիվ «Բանանցը» իր միավորների թիվը հասցրել է 38-ի և հավասարվել առաջատար «Արարատ-Արմենիային», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել: Իսկ «Գանձասար-Կապանը» շարունակում է 7-րդ տեղը զբաղեցնել՝ իր ակտիվում ունենալով 23 միավոր: