Կառավարության որոշմամբ 2019 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի գազալցակայանները պարտավոր են գազը վաճառել ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով, քանի որ բնական գազի համար նոր չափման միավոր է սահմանվել` խորանարդ մետրը փոխարինվել է կիլոգրամներով։
Սեղմված բնական գազը վաճառվելու է 1 տոննան` 34.000 դրամ գնով` ներկայումս գործող 1000 խմ-ն` 25.000 դրամի փոխարեն։
Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքին:
Դեռ երկու օր է անցել որոշումից, բայց վարորդները սկսել են դժգոհել:
Սոցիալական ցանցերում նրանք գրում են, թե գազը թանկացել է: «Նախկինում, երբ լրիվ լիցքավորման դեպքում, ասենք ,միջին չափի բալոնը կազմում էր 4800 դրամ, հիմա՝ 5000-5500 դրամ է»,- գրել է վարորդներից մեկը: Մյուսն էլ, թե՝ «2000 դրամի գազ լցրեցի, 4-5 կմ վարեցի, «երկու կռուգ» արեցի, ու գազս կես դարձավ»:
Խնդրին անդրադարձել է նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«ԱԳԼՃԿ-ում կա երկու տեսակի գազ չափող սարքավորում. Այն, որը չափում է մեքենա լցվող գազի հոսքը, և այն, որը չափում է գլխավոր խողովակից կայան մտնող հոսքը: Վարչապետի հանձնարարականը, իհարկե, տրամաբանական էր` գազը չափել և վաճառել կիլոգրամով, որպեսզի ջերմաստիճանի տատանման կամ այլ գործոններից գազ սպառողը չտուժեր:
Կա մի նրբություն, որի մասին խոսում եմ՝ որպես այս թեմայով թեզ պաշտպանած մագիստրոս:
Բանն այն է, որ կայանում եղած բաշխիչ աշտարակների ցուցմունքների գումարը սովորաբար չի համապատասխանում ճնշակայան մտնող չափիչ սարքի ցուցմունքին: Վերջինս «ինչ-որ» գործոնով պայմանավորված՝ ցույց է տալիս ավելի շատ, քան իրականում սպառել է տվյալ ճնշակայանը, և կայանի սեփականատերը ստիպված, իր հերթին՝ թանկացնում է գազը:
Արդյունքում՝ նույն ծավալի գազը վարորդը ստանում է ավելի թանկ և, բնականաբար, դժգոհում, որ իրեն խաբել են:
Վարչապետն ասաց, որ, եթե կիլոգրամով չափելու արդյունքում գազը թանկանա, ապա կստացվի, որ վարորդները խաբվել են այսքան ժամանակ: Այո, դա ճիշտ է, բայց խնդիրը պետք է փնտրել ոչ թե գազալցակայանի ներսում, այլ վերջինիս ընդհանուր սպառումը ցույց տվող չափիչ սարքում, որը, եթե չեմ սխալվում, տեղադրում կամ տրամադրում է «Գազպրոմը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ավագանու անդամը:
168.am-ի հետ զրույցում խոսելով գազի գնի թանկացման մասին՝ «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման և փորձարկման լաբորատորիայի տնօրենՄկրտիչ Տիգրանյանն ասաց, որ մայիսին նոր պետք է Ազգային ժողովում քննարկեն գնային քաղաքականությունը:
«Երբ ԱԺ-ում քննարկում լինի, այդ ժամանակ էլ կերևա գնային քաղաքականությունը: Եղած արժեքից մոտավորապես 40 տոկոսով կթանկանա: Դեռ կիլոգրամով չի վաճառվում գազը, տեխնիկական հարցեր կան, որոնք լուծումներ առայժմ չեն ստացել: Ինչ վերաբերում է, վարորդների ասած՝ «երկու կռուգ» անելուն ու գազը կես դառնալուն՝ ապա ասեմ, որ դրանք հեքիաթներ են: Ուզում եք՝ խորանարդ մետրը 10 դրամ դրեք, մեկ է՝ դժգոհելու են: Եվ, եթե մարդը լցրած գազը ոչ թե կռուգով է չափում, այլ հաշվում է, թե քանի՞ կիլոմետր է վարել»,- նշեց Մկրտիչ Տիգրանյանը:
Վարորդ Հայկ Հովսեփյանն էլ ասաց, որ գնի արժեքի փոփոխություն չի նկատել, բայց մեքենան վարելու ընթացքում ավելի շուտ է գազը վերջանում:
«Երբ նախկինում նույն գումարի դեպքում վարում էինք 200 կմ, հիմա վարում ենք 140-130 կմ: Չեմ հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Ինձ թվում է՝ խնդիրը գազի որակի մեջ է»,- հավելեց նա:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ ասաց, որ համացանցում է կարդացել բողոքների մասին, բայց չի հասկանում, թե ինչի՞ հետ է կապված խնդիրը:
«Ես միշտ ասել եմ, որ ճիշտը գազը կիլոգրամով վաճառելն է: Տաք-տաք գազ էին վաճառում, և դրա պատճառով խնդիրներ էին առաջանում, բայց հիմա էլ կիլոգրամով վաճառելու դեպքում են խնդիրներ կարծես թե առաջացել: Դա երևի ավելի շուտ տնտեսվարողների հետ է կապված, որովհետև իրենք էլ կոնկրետ չգիտեն, թե ինչը ոնց են անում: Բայց եթե վարորդները կարծում են, որ իրենց խաբում են, ուրեմն այդտեղ կշեռքի խնդիրը կա: Մի ժամանակ շուկաներում 100-200 դրամով խաբում էին, չէ՞, կշեռքները, գուցե հիմա էլ այստեղ է նույնը կատարվում: Ամեն դեպքում սա նոր երևույթ է, ու դեռ հայտնի չէ, թե որն է պատճառը: Գուցե սպառողներն են սխալ հասկացել ինչ-որ բաներ: Կարծում եմ՝ համատարած ստուգաչափումներ պետք է անցկացնեն, որպեսզի պարզեն, թե որն է խնդիրը»,- ընդգծեց Կարեն Չիլինգարյանը:
Հարցին անդրադարձել է նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ ԱԳԼՃԿ բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին հորդորում է խստագույնս հետևել լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին և զերծ մնալ խախտումներից՝ խուսափել թերլիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից:
Պատասխանատու կառույցը վարորդներին հորդորել է ՀԴՄ կտրոններ պահանջել` խոստանալով հարկ եղած դեպքում դիմել վերահսկողական-վարչարարական առավել խիստ միջոցների:
0Comments