«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում գրում է. «Ապրիլյան պատերազմի մասին ամեն ինչ, կարծես թե, ասված է: Ասվածի մեծ մասը քարոզչական բնույթ է կրում: Այն ժամանակ ընդդիմությունը, իսկ հիմա իշխանությունը (ճիշտ է` այժմ պակաս ակտիվությամբ) փորձում է պատերազմը ներկայացնել որպես այն ժամանակվա իշխանությունների ձախողում` կորցրած հեկտարների և զոհերի համար մեղադրելով բացառապես քաղաքական հակառակորդներին:
Այս «ներքաղաքական» մասը երբեմն խանգարում է իրականությանը նայել «պատմության բարձունքներից» և հասկանալ, որ թեև լուրջ ռազմական բախումն ի հայտ բերեց պետական և, մասնավորապես, պաշտպանական համակարգի բազմաթիվ խնդիրներ, դրա արդյունքները որակել որպես «պարտություն» կամ «ձախողում», սխալ է՝ դա փորձություն էր և դաս բոլորիս համար, բայց երբեք ոչ՝ «պարտություն»: Դաս էր նաև նրանց համար, ովքեր կասկածներ ունեին մեր ժողովրդի համախմբվելու ունակության, մեր երիտասարդների հայրենասիրության վերաբերյալ:
Այն ժամանակվա իշխանությունը կարողացա՞վ ճիշտ հետևություններ անել Ապրիլյան պատերազմից: Ինձ թվում է՝ ոչ: Անհրաժեշտ էին կտրուկ փոփոխություններ պետական բոլոր կառույցներում՝ ոչ միայն կոռուպցիայի վերացման, այլև արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Բայց անցած 27 տարիներին, մինչև հեղափոխությունը բոլոր իշխանությունների գլխավոր նպատակն էր ինչ-որ մի ձևով կոնսերվացնել իրավիճակը: Ռուսերեն ասած՝ «авось пронесет»: Բայց կանգնել տեղում՝ նշանակում է գնալ հետ, կառուցելու մասին հոգ չտանել՝ նշանակում է նպաստել քանդմանը: Տվյալ դեպքում՝ նաև ինքնաքանդմանը:
Արդյո՞ք ներկա իշխանությունները դասեր քաղել են երեք տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից: Հուսով եմ՝ այո»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ապրիլյան պատերազմի գլխավոր դասը՝ գործողությունների պլան
Այս «ներքաղաքական» մասը երբեմն խանգարում է իրականությանը նայել «պատմության բարձունքներից»
0Comments