«Պարո՛ն վարչապետ, ես կմուծեմ Ձեր լվացքի մեքենայի ապառիկը»

Արարատ Միրզոյանն էլ կողքից դամ է քաշում, թե բա՝ ես էլ, ես էլ, պարոն վարչապետ

Վահե Մակարյանը ֆեյսբուքում գրել է.

«Երկրիդ վարչապետը լվացքի մեքենան ապառիկով է առնում հերիք չի, մի հատ էլ ապառիկը՝ ամսեկան մի 6000 դրամ, չի կարողանում փակել… Եվ էս խայտառակ փաստը նա ԱԺ ամբիոնից հայտարարում է մեծագույն հպարտությամբ՝ փորձելով ցույց տալ, թե իբր իրենք էլ մեզ պես աշխատավարձով մի կերպ յոլլա գնացող ընտանիք են, կողքից ոչ մի լևի եկամոտ չունեն: Չէ, բայց եկեք պատկերացնենք՝ վարչապետը, որն ստանում է միջինը մեկ միլիոն դրամ աշխատավարձ, որն ի պաշտոնե մեքենայի, վառելիքի և տան ծախս չի անում, վարչապետը, ում կինը բազմամիլիոնանոց հիմնադրամի նախագահ է, որի դուստրը ամեն օր մի քանի թանկարժեք սրճարանից սելֆիներ է անում ու գցում ինստագրամ, վարչապետը, որի բացահայտ կամ պարտադրված ջերմ բարեկամներն են դարձել Լֆիկը, Հովիկը, Գագոն, էն մյուս Գագոն, էլ ավելի մյուս Գագոն և ոչ միայն՝ դրանց ամեն մեկից բխող ջերմագույն վերաբերմունքով հանդերձ (դե լավ, չմանրանանք, պարոն Վանեցյան, ՀՔԾ պետի ականջն էլ խուլ, միամիտ չբռնի «անհարկի» գործ հարուցի խեղճերի վրա) ու էսպես բազմաթիվ դրվագներ, կամ էդ նույն վարչապետը, ում Աստված ու մեկ էլ ՔՊ-ականները գիտեն՝ որքան ֆինանսական օժանդակություն են ուղարկել դրսերից հեղափոխության օրերին և, քավ լիցի, բնավ չեմ խորանում, թե ովքեր են ուղարկել, էսօր խեղճացած ու անճարակ տոնով հայտարարում է, թե մի լվացքի մեքենա ենք առել ապառիկով ու մինչև հիմա էդ վարկը չենք փակել: Արարատ Միրզոյանն էլ կողքից դամ է քաշում, թե բա՝ ես էլ, ես էլ, պարոն վարչապետ : Ու բոլորը ծափ են տալիս և հրճվում: Միրզոյանի կինն էլ շտապում է ֆեյսբուքով հպարտանալ, թե Արարատը «Զիգզագից» զանգեց ու ասեց, որ ապառիկ չեն տալիս, հաշվի վրա կալանք է դրված (մեր DJ-ի խանութն ա «Զիգզագը», գրենք, թող ռեկլամ լինի): Նույն ձև էլ երևի էն Mybach-ը փոզմիշ եղավ, ապառիկով չտվին, չէ՞ (սաղ ես էի մեղավոր):

Ու սա ասում են երկրի առաջին ու երկրորդ դեմքերը: Տղերք, եթե դուք ինձնից 5-6 անգամ բարձր աշխատավարձ եք ստանում, բայց ի վիճակի չեք ձեր գումարներն էնպես տնօրինել և տնտեսել, որ անգամ մի լվացքի մեքենայի ապառիկ չեք կարողանում փակել, կամ անբարեխիղճ վարկառու եք, որ մի 5-6 հազար դրամի համար ընկնում եք սև ցուցակ, բա երկիրն ու տնտեսությունը ո՞նց եք կառավարելու: Լավ, կարելի՞ է ամեն ինչ էսքան էժանացնել ու իջեցնել կենցաղային՝ լվացքի մեքենայի մակարդակի:

Հ.Գ. Վարման կարգով մի առաջարկություն անեմ. պարոն վարչապետ, ես էլ ապառիկ ունեմ երկու հատ, բայց պատրաստ եմ իմ համեստ աշխատավարձից էդ 6000 դրամը ամսեկան տրամադրել՝ ձեր տան լվացքի մեքենայի վարկը փակենք պրծնենք, թե չէ ես իսկապես վատ եմ զգում, որ իմ երկրի վարչապետը լվացքի մեքենան ապառիկով է առել ու մինչև հիմա վարկը չի մուծել»: