Այսօր տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության փակ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԵԿՄ նախագահի թեկնածության հարցը: Վարչության նիստում որոշվել է ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
Ապրիլի 7-ին տեղի է ունենալու ԵԿՄ համագումարը, որի ժամանակ էլ կընտրվի նախագահը:
Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ մարտական ընկերներն իրեն են վերապահել ԵԿՄ-ն «ռելսերի վրա գցելու» գործը: Նա վստահեցրեց, որ ԵԿՄ-ն չի քաղաքականացվելու և չի լինելու իշխանության կցորդ, ինչպես նախկինում էր:
Դիտարկմանը՝ ժամանակին ինքը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանի տեղի վրա աչք չունի, Սասուն Միքայելյանն ասաց. «Այն ժամանակ Մանվել Գրիգորյանն իր տեղում էր, բացի այդ, հիմա տղերքն ուզում են, որ ես լինեմ»:
Սասուն Միքայելյանը նաև հայտնեց, որ ԵԿՄ համագումարին հրավիրվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց չի կարող ասել՝ կգա, թե ոչ:
Վարչության փակ նիստի ընթացքում որոշվել է կրճատել վարչության անդամների թիվը՝ 180-ից դարձնելով 25:
0Comments