Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 1-ի առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ մշակել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 45,7%-ը, ինչից պարզ է դարձել, որ առաջատարը շոումեն Վլադիմիր Զելենսկին է:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, նրա օգտին քվեարկել է ընտրողների 30,16%-ը:
Երկրորդ տեղում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է՝ 16,69% ցուցանիշով, եռյակը եզրափակում է Յուլյա Տիմոշենկոն, որի օգտին քվեարկել է ուկրաինացիների 13,08%-ը: Ընտրություններին մասնակցել է մոտ 11 մլն մարդ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Զելենսկին առավելագույն քանակով ձայներ է ստացել մարզերի մեծ մասում, բացառություն են կազմել միայն Դոնեցկի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի և Տերնոպոլի մարզերը, որտեղ առաջատար է Պորոշենկոն, իսկ Լուգանսկում ձայների մեծամասնությունը ստացել է թեկնածու Յուրի Բոյկոն:
Ինչ վերաբերում է օտար երկրներում բացված ընտրատեղամասերին, ապա այնտեղ մշակվել են քվեաթերթիկների 91,08%-ը: Արդյունքում պարզվել է, որ ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը (38,63%), մինչդեռ Զելենսկին հավաքել է 25,83%:
Ավելի վաղ սոցիոլոգները կանխատեսել էին, որ երկրի նախագահը կարող է ընտրվել ընտրությունների 2-րդ փուլի արդյունքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հայտարարի մինչ ապրիլի 10-ը, սակայն նախնական արդյունքները կարող են հայտնի լինել արդեն ապրիլի 1-ի կեսօրի դրությամբ: Եթե թեկնածուներից մեկը չհավաքի ձայների կեսից ավելին, ապա ապրիլի 21-ին կկայանա ընտրությունների 2-րդ փուլը:
0Comments