Գերմանիան Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր է տեղափոխում Լեհաստան

Մանրամասներ

Գերմանիայի զինված ուժերն այսօր սկսել են ամերիկյան երեք Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերից առաջին երկուսի տեղափոխումը Լեհաստան: Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։ Համակարգերը Լեհաստան տեղափոխելու պլանների մասին հայտարարվել էր դեռ 2022 թ.-ին։

Ըստ գերմանական կողմի՝ դրա նպատակն է օգնություն ցուցաբերել Լեհաստանի օդային տարածքի պաշտպանության գործում, ինչպես նաև ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան թևը: Ըստ DPA գործակալության՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերը կտեղակայվեն Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Զամոսց քաղաքի շրջանում։ Այնտեղից մինչև Ուկրաինայի սահման մոտ 60 կմ Է, իսկ մինչև Լվով քաղաք՝ 110 կմ: 2022 թ. նոյեմբերի 15-ին լեհ-ուկրաինական սահմանին գտնվող Պշևոդուվ բնակավայրում հրթիռ էր ընկել, ինչի հետևանքով երկու մարդ էր զոհվել։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ հանրապետության իշխանությունների գնահատմամբ՝ հրթիռը պատկանել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերին։ Տեղի ունեցածը Վարշավայում համարում են դժբախտ պատահար։ ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարել են, որ ԱՄՆ վարչակազմը լիովին վստահ է Լեհաստանի իշխանությունների եզրակացությունների ճշգրտության հարցում:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռն արձակվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության С-300 համակարգով: Այս միջադեպից հետո այն ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը Լեհաստանին աջակցություն էր առաջարկել անվտանգության ապահովման գործում, այդ թվում՝ Patriot մարտկոցների միջոցով, ինչին Վարշավան դրական պատասխան Էր տվել: