Պուտինի «գորշ կարդինալը»

Ով է աշխարհը հիպնոսացնող «պուտինիզմի» ճարտարապետը

Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է միջազգային քաղաքականության ոլորտի հայտնի լրագրող Գաբրիել Գեյթհաուսի ուշագրավ հոդվածը, որը վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ համաշխարհային ասպարեզում կատարվող կարևոր իրադարձությունների վրա ազդելու «կարողությանը», նրան, թե որքանով են մարդիկ հավատացած դրանում և թե իրականում ով է «պուտինիզմի» ճարտարապետը:

«Այս օրերին որոշակի շրջանակներում ակտուալ է դարձել առկա բոլոր խոշոր քաղաքական  անկայունությունների («Բրեքզիթ», Թրամփ, Եվրոպայում աջակողմյան ուժերի ակտիվացում) հետևում փնտրել Մոսկվայի «հետքը»: Ժամանակին անգամ ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնն էր ասում, որ Սիրիայում Ռուսաստանի հետապնդած իրական նպատակն է մեծացնել միգրացիոն ճգնաժամն ու այն որպես զենք օգտագործել տրանսանտլանտյան դաշինքը պառակտելու համար: Եվ այս ամենը, հավանաբար, ուրախացնում է Վլադիմիր Պուտինին: Մի կողմ դնենք այն հարցը, թե Ռուսաստանն իրականում ինչ մասշտաբով է միջամտում միջազգային քաղաքական օրակարգի կարևոր հարցերին, և արձանագրենք այն փաստը, որ մարդիկ հավատում են Պուտինի՝ զանգվածային շարժումներ հրահրելու, ընտրողներին դյութելու, դաշնակիցների միջև պառակտություն մտցնելու ներուժին: Եվ այդ փաստը Կրեմլի համար արդեն հաղթանակ է: Դա իր տեսակի մեջ նման է հիպնոսի, և Ռուսաստանն այդ հնարքը նախքան արտասահման «արտահանելը» փորձարկել է սեփական ժողովրդի վրա»,-գրում է հեղինակը:

Այնուհետև նա անցում է կատարում Պուտինի վաղեմի օգնական, առաջին դասի խորհրդական Վլադիսլավ Սուրկովին, որին Արևմուտքում ճանաչում են որպես «Պուտինի Ռասպուտին», իսկ Ռուսաստանում՝ որպես «գորշ կարդինալ»:

«Նա «պուտինիզմի» ճարտարապետն է՝ Ռուսաստանի ներքին քաղաքականության անվիճելի վարպետը, որը, օգտագործելով իր ազդեցությունը, վերահսկում է Պետդումայի պատգամավորներին՝ ի դեպ և՛ իշխանամետ, և՛ «ընդդիմադիր»: Նա ստեղծել է երիտասարդական խմբեր, քաոս է մտցրել մեդիա, տեխնոլոգիական, ՀԿ-ների ոլորտներում և նույնիսկ Ուղղափառ եկեղեցում»,-գրում է Գեյթհաուսը:

Սակայն, հեղինակի կարծիքով, Սուրկովի իրական հմտությունը միֆեր ստեղծելն է, ինչի պատճառով էլ «նրա անձի շուրջ լեգենդները բազմանում են մանրէների արագությամբ»:

«Նրան վերագրում են Պուտինի հրահանգով բազմաթիվ կարևոր քաղաքական իրադարձություններում գլխավոր պատասխանատուի դերը: Թեև հայտնի չէ՝ արդյո՞ք նա այդ ամենի հետ առնչություն ունի, սակայն փաստը մնում է փաստ, որ բոլորը հավատում են դրան: Փետրվարին Սուրկովը մի հոդված է հրապարակել, որում կանխատեսել է, որ «պուտինիզմը» բոլորին կվերապրի: «Արտասահմանյան քաղաքական գործիչները բողոքում են, որ Ռուսաստանն աշխարհով մեկ միջամտում է նրանց ընտրություններին և հանրաքվեներին: Բայց իրականում ամեն ինչ ավելի բարդ է. Ռուսաստանը «ներթափանցում» է նրանց ուղեղների մեջ, փոխում է նրանց գիտակցությունը, մինչդեռ նրանք այդ մասին գաղափար անգամ չունեն»»,-Սուրկովի հոդվածից մի հատված է մեջբերում Գեյթհաուսը:

Հեղինակը նշում է, որ Սուրկովի ստեղծած վերահսկման ու աշխարհում խառնաշփոթ առաջացնելու համակարգն արդեն վերածվել է ավելի լայնամասշտաբ միջազգային գործողության: Արդյունքում այսօր Մոսկվան Եվրոպայով մեկ՝ Գերմանիայից մինչև Լեհաստան, Իտալիայից մինչև Մերձբալթյան երկրներ ունի ակտիվիստների, լրագրողների ու քաղաքական գործիչների ցանցեր՝ ազդեցության լծակներ: Սակայն հեղինակը հավատացած է, որ իրականում այլ պետությունների քաղաքականության ձևավորման հարցում Մոսկվայի դերակատարումն այդքան էլ ահռելի չէ, ինչպես որոշները պատկերացնում ու հավատացած են: