Ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ․ Զաքարյան

Մանրամասներ
եվրոպա

Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ, գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Փարիզում տեղի է ունեցել Եվրոպայի առաջնորդների չնախատեսված հանդիպումը՝ նվիրված Ուկրաինային և համաեվրոպական անվտանգությանը։ 

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները հաստատել են, որ պատրաստ են ապագայում անվտանգության երաշխիքներ տրամադրել Կիևին, սակայն Եվրոպայի հետագա քայլերն այս հարցում կախված կլինեն ԱՄՆ-ի գործողություններից:

Հակաճգնաժամային գագաթնաժողովում քննարկվել է նաև Ուկրաինա խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը, սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խնդիրը համարել է ոչ տեղին և ժամանակավրեպ: Այս հարցում Բեռլինի դիրքորոշումը պաշտպանել է Վարշավան, ինչի մասին գագաթնաժողովից հետո ասել է վարչապետ Դոնալդ Տուսկը։

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, դեռևս ճգնաժամային հանդիպումից առաջ ասել էր, որ Լոնդոնը «պատրաստ և պատրաստակամ է» անհրաժեշտության դեպքում խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին բազմիցս խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ճգնաժամային գագաթնաժողովի հիմնական արդյունքն այն է, որ Եվրոպան կարող է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, բայց այս հարցում կարևոր է ԱՄՆ-ի դերակատարումը»: