ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրերը կորոշեն, թե որքան լուրջ է վերաբերվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում խաղաղությանը:
ԱՄՆ պետքարտուղարը նաև փարատել է Եվրոպայի մտավախություններն այն առիթով, որ նրան դուրս կթողնեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններից՝ CBS News-ին ասելով, որ բանակցային գործընթացը դեռ լրջորեն չի սկսվել։
«Նախագահ Թրամփն անցյալ շաբաթ է խոսել Վլադիմիր Պուտինի հետ, և այդ զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինն իր շահագրգռվածությունն է հայտնել խաղաղության հարցում, իսկ նախագահը ցանկություն է հայտնել վերջ տալ այս հակամարտությանն այնպես, որպեսզի այն երկարաժամկետ լինի և պաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը», – ասել է Ռուբիոն CBS-ին տված հարցազրույցում։
«Այժմ, ակնհայտորեն, սրան պետք է գործողություններ հետևեն, ուստի հաջորդ մի քանի շաբաթներն ու օրերը կորոշեն՝ սա լո՞ւրջ է, թե՞ ոչ: Վերջին հաշվով, մեկ հեռախոսազանգը հաշտության չի հանգեցնի»,- հավելել է նա։
Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինացիները և եվրոպացիները կներգրավվեն ցանկացած նշանակալից բանակցություններում:
«Ի վերջո, դա կհասնի որոշակի կետի, եթե իրական բանակցություններ լինեն, իսկ մենք դեռ դրան չենք հասել, բայց եթե դա տեղի ունենա, ապա Ուկրաինան ստիպված կլինի մասնակցել, որովհետև հենց նա է ենթարկվել ներխուժման (Ռուսաստանի կողմից), և եվրոպացիները պետք է մասնակցեն, քանի որ պատժամիջոցներ ունեն Պուտինի և Ռուսաստանի նկատմամբ: Մենք պարզապես դեռ դրան չենք հասել», – ասել է Ռուբիոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ ռուսաստանցի պաշտոնյաների հետ հանդիպելու համար։
0Comments