Ծրագրավորողները կհասկանան, թե ինչ մակարդակի զավեշտի մասին է խոսքը. Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փոխքաղաքապետն ասում է՝ տոմսերի կարճ ժամանակային սահմանափակում ենք դրել, որովհետև հակառակ դեպքում ծրագիրը կկախի։ Ծրագրավորողները կհասկանան, թե ինչ մակարդակի զավեշտի մասին է խոսքը։

Բա խոսքով հեսա-հեսա աշխարհի թոփ ՏՏ երկրների շարքը մտնող երկրում ինչի՞ չի ստացվում պարզ՝ միջինից ցածր բարդության համակարգ ծրագրավորել։

Կարո՞ղ ա վիշապ խեղդելը հայրենի ՏՏ-ի մոտ միայն խոսքով ա լավ ստացվում։

Վերջերս էլ պաթոսի նոր ձև են գտել. ոչ հայաստանյան միջավայրում ստեղծված ընկերություններին ներկայացնում են` որպես հայկական, օրինակ՝ ServiceTitan-ը։ Բա վարչապետը գիտի՞, որ դուրս եք գալիս իրական Հայաստանի շրջանակներից։

Միջավայրը զարգանում է, երբ այդ միջավայրում առկա են լինում 2 գործոններ՝ Խնդիրների բարձրաձայնում և Կոնցեպտուալ միտք։ Հայրենի ՏՏ-ում ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը չկան, փոխարենը լիքը կենացային-մոտիվացիոն խոսք։

Վերջերս փակվեց Menu.am-ը, Yandex-ը հետևողականորեն փոխադրումների շուկայից դուրս է թողնում տեղի խաղացողներին։ Համոզված եմ, եթե դրսի բանկերից մտնեն հայկական շուկա, ապա բանկերն էլ են նույն վիճակի մեջ ընկնելու։ Բա մտածե՞լ եք, ինչու է այդպես։

Ինչ որ ասում եմ՝ մեզ էլ է վերաբերվում՝ Zangi-ին։ Տարիների տիտանական աշխատանք եմ տարել, որ լուծեմ միջավայրից եկող խնդիրներ, որոնք այլ միջավայրերում ուղղակի չկան։

Երկիրը գործով կառուցելու փոխարեն, երբ գերակայությունը տրվում է խոսքին, արդյունքն էլ այսպիսին է լինում»։