«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում եկամուտների հայտարարագիր են ներկայացնելու բոլոր քաղաքացիները՝ անկախ զբաղվածությունից: Շատ մասնագետներ կարծիք են հայտնում, որ մեր երկիրը պատրաստ չէ համընդհանուր հայտարարագրման համակարգին: Նույնիսկ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկհայտարարագրի ներկայացման վերջնաժամկետն էր հետաձգվել. այն սահմանվել էր 2024 թ. հուլիսի 22-ը: Այդ վերջնաժամկետից անցել է մոտ 3,5 ամիս: «Փաստը» դիմել էր ՊԵԿ՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին՝ քանի՞ անձ պետք է 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացներ, քանի՞սն է ներկայացրել հարցման պատասխանի օրվա դրությամբ, հայտարարագիր չներկայացրած քանի՞ անձ է ենթարկվել վարչական պատասխանատվության, և ի՞նչ չափի տույժ ու տուգանքի են ենթարկվել նրանք:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված պատասխանում նշվում է, որ, նախնական գնահատմամբ, 2023 թվականի արդյունքներով պոտենցիալ հայտարարատու անձանց թվաքանակը գնահատվել է շուրջ 120 հազար մարդ (համաձայն տվյալների, 2023 թ. ընթացքում շուրջ 60 հազար ՀՀ քաղաքացի հանդիսացել են իրական շահառու՝ ըստ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների, շուրջ 40 հազար ՀՀ քաղաքացի հանդիսացել են պետական աշխատողներ, բացառության ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների, 1 մլրդ և ավելի շրջանառություն ունեցող շուրջ 1600 կազմակերպության, այդ թվում՝ բաժնետիրական ընկերությունների, մասնակիցների թվաքանակը գնահատվել է մոտ 5 հազար ՀՀ քաղաքացի, և այլ եկամուտներ ստացող անձանց հաշվարկ ներկայացնողների թվաքանակ:
«Ընդ որում, անձի՝ վերը նշված մի քանի հիմքերով (բացառությամբ 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն ստացած անձանց, որոնց վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը բացակայում է) հայտարարատու լինելու դեպքում նշված թվաքանակում կարող են լինել կրկնություններ»,-նշվում է պատասխանում: ՊԵԿ-ից նաև տեղեկացնում են, որ 2024 թ. հոկտեմբերի 20-ի դրությամբ եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիր) է ներկայացրել 57 930 անձ, իսկ հոկտեմբերի 4-ի դրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.1 հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավախախտումների վերաբերյալ կայացվել է թվով 3,727 նախազգուշացման որոշում։
«Հարկ է նշել, որ վերը նշված թվային տվյալները հավաքագրվել են՝ ըստ համապատասխան կառույցների բազաներում առկա տվյալների և խիստ նախնական են, քանի որ մանրամասն գնահատման արդյունքում պարզվում է, որ որպես հայտարարատու նախնական գնահատված անձը կարող է այլևս չկրել այդ պարտավորությունը՝ կախված վերջինիս քաղաքացիության, ՀՀ ռեզիդենտ չհանդիսանալու և այլ՝ հայտարարատու հանդիսանալու հիմքերի բացակայության կամ տվյալների կրկնակիության դեպքերում»,-պատասխանել են ՊԵԿ-ից։
0Comments