Ալիեւը արեւմտյան հարթակներում խաղաղության պայմանագիր չի կնքի և չի ընդունի Արեւմուտքի որեւէ միջնորդական առաքելություն. Քեռյան

Մանրամասներ
ռդ

Ընդհանուր տպավորությունը Կազանում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից խիստ դրական է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Քեռյանը:

«Եթե մենք դիտարկում ենք վերջին 1-2 տարվա իրադարձությունները, ուղիղ 2-3 անգամ արեւմտյան հարթակներ Ալիեւը չգնաց եւ հանդիպումը տապալվեց: Դա վերացվեց միայն Նիկոլ Փաշինյանի հանդիպման Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵՄ-ի ղեկավարների հետ: Սա, իհարկե, շատ բացասական ֆոն ստեղծեց խաղաղության պայմանագրի ճակատագրի առումով, եւ բավականին լուրջ մտահոգություններ առաջացան փորձագիտական շրջանակներում, որ Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում, չի պոկվի արեւմտյան հարթակներից, իսկ Ալիեւը չի գնա արեւմտյան հարթակներ:

Այս մտահոգությունն էլ ավելի ամրապնդվեց, երբ մենք տեսանք Պուտինի այցը Բաքու եւ ռուս-ադրբեջանական համագործակցության խորացում:

Այս հանգամանքը ցույց տվեց, որ Ալիեւը արեւմտյան հարթակներում խաղաղության պայմանագիր չի կնքի և չի ընդունի Արեւմուտքի որեւէ միջնորդական առաքելություն»,-ասաց նա:

Քեռյանի խոսքով, Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, կարելի է ասել, ռուսական հարթակ էր. «Այստեղ զրույց եւ բանակցություն տեղի ունեցավ: Կարեւորն այն էր, որ այնտեղ ներկա էին բանակցային գործընթացում ներգրավված դեմքերը՝ Մհեր Գրիգորյան, Շահին Մուստաֆաեւ, Արարատ Միրզոյան, Բայրամով, Փաշինյան, Ալիեւ:

Մենք տեղեկացնաք, որ Ալիեւը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը: Սա կարելի է համարել կազանյան հանդիպման առաջին արդյունքը: Սա նշանակում է, որ կանոնակարգը կարող է աշխատել»: