Կարեն Կարապետյանի հետքերով

Փաշինյանը եւս հիշեց «տնական չստերով տաքսի վարող» մեր հայրենակիցներին

Հարկային օրենսգրքով անհատ տաքսու վարորդներին ազատելու ենք արտոնագրային վճարներից եւ ես հույս ունեմ, որ այդ ազատված ոչ շատ հսկայական, բայց իրենց գործունեության մեջ շոշափելի միջոցները նրանք կներդնեն իրենց ծառայությունների որակը բարձրացնելու համար: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես համարում եմ, որ յուրաքանչյուր տաքսու վարորդ մեր երկրի իմիջը ձեւակերպող անհատ է: Մենք խոսում ենք զբոսաշրջության ռազմավարության մասին, բայց կներեք, տնական չստերով տաքսի վարող մեր հայրենակիցների օգնությունը մեզ պետք է, մեզ պետք է, որ իրենք իրենց աշխատանքին լուրջ վերաբերվեն: Ասենք, օրինակ, սկսած մեքենայի մեջ ծխելուց վերջացրած արտաքին տեսքով»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ տնտեսական հեղափոխության իմաստով այս բաղադրիչները շատ կարեւոր են եւ երկար տարիներ ՀՀ-ում այս հարցը չի լուծվում. «Մենք չենք ուզում գնալ ռեպրեսիվ միջոցների եւ պետք էլ չի: Մենք քայլ ենք անում մեր հերթին՝ հույս ունենալով, որ մեր հայրենակիցներն էլ իրենք իրենց քայլը կանեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այս խնդրին անդրադարձել էր նաեւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով եւս հիշատակել են փնթի, մարզահագուստով, չստերով վարորդների խնդրին: