Ֆրանսիայում անհայտ անձանց կողմից սպանվել է 62-ամյա ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Վիդադի Իսկենդերլին։ 2017 թվականին նա մարդասիրական վիզա էր ստացել Ֆրանսիայում, որը տրվում է այն մարդկանց, որոնց կյանքը կամ անվտանգությունը վտանգված է։
«Վիդադին իր կյանքը նվիրել էր գործող ռեժիմի դեմ պայքարին։ Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի կառավարությունն է ուղարկել այդ մարդասպաններին»,- ասել է նրա եղբայրը Le Figaro-ին տված հարցազրույցում:
Վիդադիի եղբոր խոսքով՝ սեպտեմբերի 29-ի առավոտյան՝ ժամը 7:30-ի սահմաններում, երեք անհայտ դիմակավորված անձինք պատուհանից տուն են մտել, երբ նա քնած է եղել։ Նրանցից երկուսը հսկել են, իսկ երրորդը դանակով հարվածներ է հասցրել ակտիվիստին։
«Նա օգնություն է կանչել։ Հարձակվողները վախեցել են ու փախել՝ թողնելով, որ նա արյունահոսի», – ասել է եղբայրը։
Վիդադիին հաջողվել է հասնել հեռախոսին և զանգահարել եղբորը, վերջինս էլ ոստիկանություն և շտապօգնություն է կանչել։ Դատախազի խոսքով՝ տուժողը դանակի շուրջ տասնհինգ հարված է ստացել և հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ երեք օր շարունակ մնացել է ծանր վիճակում, սակայն երեքշաբթի առավոտյան մահացել է։
Դատախազության տվյալներով՝ «այս պահին մահափորձի և տուժողի քաղաքական գործունեության միջև որևէ կապ չկա»։ Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիայում հարձակման կամ մահափորձի են ենթարկվում ադրբեջանցի ընդդիմադիր գործիչները:
0Comments