Ֆաստ ֆուդն ինչպե՞ս է ազդում մեր օրգանիզմի վրա

Գիտնականները երկու հետազոտություն են անցկացրել, եւ երկուսն էլ նշել են փոքր խտության լիպոպրոտեինների (ՓԽԼՊ) եւ դրանց պակաս հայտնի օքսիդացված տարբերակի միանշանակ վնասի մասին

Ֆաստ ֆուդի օգտագործումը մեր անոթների վրա ազդում է բջջային մակարդակում՝ դրանք պակաս առաձգական դարձնելով, պնդում են Իլինոյսի համալսարանից մասնագետները:

Գիտնականները երկու հետազոտություն են անցկացրել, եւ երկուսն էլ նշել են փոքր խտության լիպոպրոտեինների (ՓԽԼՊ) եւ դրանց պակաս հայտնի օքսիդացված տարբերակի միանշանակ վնասի մասին: Առաջին հետազոտության ժամանակ լաբորատոր մկներին (երկու խմբի էին բաժանված) կերակրել են հաշվեկշռված սնունդով կամ այսպես կոչված՝ Արեւմտյան սննդակարգով (շատ ճարպեր, ածխաջրեր, քիչ սպիտակուց եւ ֆաստ ֆուդ):  Երկրորդ խմբի մկների անոթներն առաձգականությունն արագ կորցրել են:

Իսկ մարդու էնդոթելային բջիջներով (կազմում է անոթների ծածկույթը) հետազոտությունը ցույց է տվել, որ ՓԽԼՊ-ն եւ դրա օքսիդացված տարբերակը բջջային թաղանթներին ստիպել է ավելի կարծր եւ հաստ դառնալ, իսկ արդյունքում բացասական էֆեկտը մեծացել է:

Հետաքրքիր է, որ բացասական էֆեկտի համար բավական էր շատ քիչ քանակությամբ օքսիդացված ՓԽԼՊ, որպեսզի բջջային թաղանթը վատթար ուղղությամբ փոխվեր: Հայտնի է, որ օքսիդացված ՓԽԼՊ-ները նպաստում են նստվածքների առաջացմանը եւ անոթների խցանմանը, ինչը մեծացնում է գլխուղեղի ու սրտի կաթվածների եւ շատ այլ խնդիրների առաջացման հավանականությունը:

Նյութի աղբյուր՝ news.am